Քաղաքապետ. Ժամը 23:00-ից հետո հասարակական կարգը խախտողները կտուգանվեն

Քաղաքապետ. Ժամը 23:00-ից հետո հասարակական կարգը խախտողները կտուգանվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը:

Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը և խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը: Ըստ այդմ, խստացրե՛ք վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառեք կոշտ վարչարարություն: Տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության կասեցում», - ասել է քաղաքապետը:

Հուլիսի 3-ի Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է չթույլատրված ժամերին հանգստի կազմակերպման և ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին:

«Դատելով մեր համաքաղաքացիներից պարբերաբար ստացվող բողոքներից և դժգոհություններից` ամռան ամիսներին ավելանում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարձր երաժշտության չարաշահման դեպքերը: Եվ այս առումով մենք բավական անելիքներ ունենք: Համապատասխան բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկեն, որ սահմանված նորմերը պահպանվեն, ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին: Այս հարցի կարգավորումը դարձրեք օրակարգային ու պահեք ամենօրյա հսկողության տակ»,- ընդգծել է Մարգարյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---