Անդրիաս Ղուկասյանի դեմ քրգործն ուղարկվել է դատարան

Անդրիաս Ղուկասյանի դեմ քրգործն ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամԱնդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ըստ հաղորդագրության, Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ զարգացումների օրերին Անդրիաս Ղուկասյանը «մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին»:

ՀՔԾ-ի վարկածով՝ իր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:

Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:

Այնուհետև, Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր:

Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:

Քննչական ծառայությունը նշում է, որ Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:

Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:

Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---