17 հուլիսի 2017 - 16:49 AMT
Սահմանամերձ համայնքներն կապահովվեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը:

ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները:

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատի թվով տասը հենակետ:

Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նախարար Տոնոյանի Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանության հատուկ օբյեկտների պահպանության հերթական հենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարը շրջել է հենակետի տարածքում և ծանոթացել գույքային և տեխնիկական հագեցվածությանը:

Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:

Չորաթան համայնքում ԱԻ նախարարը զրուցել էնաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը:

Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ:

Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացել է ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:

Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրել համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների:

Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետ բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում: