ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կաթնաղբյուրում ապրող ընտանիքի համար տուն է կառուցում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կաթնաղբյուրում ապրող ընտանիքի համար տուն է կառուցում

PanARMENIAN.Net - 2017-ի մայիսին ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված հերթական շրջայցի ժամանակ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին տեղեկացրել է, որ նրանք ընդգրկվել է բնակարանաշինության ծրագրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ, Հայկարամը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երեք որդու հետ, ստիպված է եղել ապրել նախ՝ հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Կիսակառույցի հասցված շինարարությունը, սոցիալական պայմանների պատճառով, քսան տարի շարունակ՝ երազանքից այն կողմ չէր անցել:

Անավարտ շինությունը շուտով լիարժեք տուն կդառնա. շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսվել են: Դրանց մասնակցել են նաև կամավորությունն արժեհամակարգ դարձրած գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը:

«Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը երազ չէ: Տունն արդեն տան նման է. դուռ, պատուհան, տանիք ունի: Այսօրվա ձեր օգնությունն էլ այնքան անսպասելի ու տեղին, այնքան կարևոր ու անգնահատելի… Անչափ շնորհակալ եմ, որ դժվար պահին օգնության ձեռք եք մեկնում ընտանիքիս»,-ասել է Հայկարամը:

Որևէ ներդրման ամենակարևոր արդյունքը ծանր պայմաններում ապրող ընտանիքներին հուսահատությունից հանելն է: Իր թողած ազդեցությամբ` բնակարանաշինության ծրագիրն այդ առաքելության իրականացնողն է դարձել: Համագործակցության վեց տարվա ընթացքում, գործընկեր կազմակերպությունները 149 ընտանիքի համար կարևոր՝ բնակարանի խնդիրը լուծելով՝ նպաստել են նաև ընտանիքների ապագա բարեկեցությանն ու հիմքեր ստեղծել՝ առողջ միջավայրում երեխաներ մեծացնելու համար:

«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը: Կոտրված սրտով, առանց վաղվա հեռանկարի, հուսահատված մարդն անկախ իր տարիքից՝ անօգնական է: Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մարզերում ապրողներին թույլ է տալիս արժանապատվորեն կարգավորել տարիների անլուծելի թվացող խնդիրը: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հերթական ընտանիքը, նոր լիցքեր ստացած, կառուցում իր երազած տունը: Մենք ևս սիրով միացել ենք շինարարական աշխատանքներին: Նաև այսպես ենք զորացնում լուսավոր ապագայի հանդեպ հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքը ինքն է իրականացնում շինարարական աշխատանքները: Դա ոչ միայն զգալիորեն կրճատում է շինարարական աշխատանքների ծախսը, այլև օգնում է երբեք չլքել սեփական ձեռքերով կառուցված տունը: Այս մասին վկայում է տարիների մեր փորձը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---