ՀՀ ամենատարեց բնակիչը 115 տարեկան է. Տարեցների թվի ավելացման միտում կա

ՀՀ ամենատարեց բնակիչը 115 տարեկան է. Տարեցների թվի ավելացման միտում կա

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը:

Անահիտ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա, հայտնում է Panorama.am-ը:

«63 տարեկան և բարձր մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է»,- նշել է նա,

Տարեցների հիմնահարցերի բաժնի պետի խոսքով՝ բնակչության մեջ տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով: Նա նշել է նաև, որ սա վկայում է ևս մեկ փաստի մասին, որ բնակչության մեջ աշխատող տարիքի մարդկանց թիվն է պակասում:

Անդրադառնալով նախարարության կողմից տարվող աշխատանքներին, Անահիտ Գևորգյանը նշել է, որ չմերժելով հինը՝ նոր մեթոդներ են կիրառում այս ոլորտում բարեփոխումների համար:

«Եթե մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը որդեգրել էր միայն տարեցների սոցիալական կարիքների, մասնավորապես՝ նյութական ապահովման բավարարման ուղղված քաղաքականություն, ապա այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում փոխել մարտավարությունը: Այսինքն տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ կենսակերպ՝ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Կկատարվի կարիքների գնահատում, ինչը հնարավորություն կտա, որ օգտագործվի նրանց ֆիզիկական, սոցիալական ու մտավոր ներուժը»,- մանրամասնել է նա:

Նա նկատել է, որ միջազգային փորձը փաստում է, որ ծերացման հիմնահարցերի ոլորտում արձանագրված հաջողությունները հիմնականում պայմանավորված են տարեցների համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովման, ողջ կյանքի ընթացքում կրթության ապահովման, ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովման, ինչպես նաև սոցիալական այլընտրանքային ծառայությունների ներդրման ուղղություններով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոններ: Առողջապահության նախարարությունը վերջին յոթ ամսում ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---