Սպանված անգղերի հետքերով. Գյուղապետն ասում է՝ չի մասնակցել, ոստիկանությունն էլ, որ 2013-ի դեպք է

Սպանված անգղերի հետքերով. Գյուղապետն ասում է՝ չի մասնակցել, ոստիկանությունն էլ, որ 2013-ի դեպք է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին համացանցում Կարմիր գրքում գրանցված սպանված անգղերի հետ արված լուսանկարներ տարածվեցին, ինչը քննարկումների առարկա դարձավ և մեծ աղմուկ բարձրացրեց:

Լուսանկարներում պատկերված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են, հայտնել էր Econews-ը:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին, Շենավան համայնքի ղեկավար 37-ամյա Արթուր Մկրտչյանն է:

«Կարմիր գրքում» ընդգրկված կենդանիների որսի համար նախատեսվում է քրեական պատիժ:

Մինչդեռ Արթուր Մկրտչյանը հայտնել է, որ լուսանկարներն արվել են 2007-ին: «Դժվար չի պարզել, որ էս նկարը 7 տարի ա` օդնակլասնիկիս սայթում քցած ա: Վերցրել, դրել են` «Ֆեյսբուք»-ով հրապարակել»,- ասել է նա և հավաստիացրել, որ իրենք անգղ չեն որսացել, հայտնում է Yerkir.am-ը:

«Ճիշտ է, մենք որսի էինք գնում Թուրքիայի սահմանին՝ Երվանդաշատի մոտ. որտեղից Թուրքիա մեկ կամ երկու կիլոմետր է: Էդ թռչուններին ես միշտ տեսել եմ` Թուրքիայի սարերի վրա են եղել: Էդ անգամ տեսանք, որ անցորդները անցնում, կանգնում, նկարվում են, մենք էլ հետաքրքրության համար իջել, նկարվել ենք` որպես հուշ: Նույնիսկ մեզ էլ նկարել էանցորդներից մեկը»,- ասել Մկրտչյանը` հավելելով, որ լուսանկարում պատկերված անձանցից մեկը պատահական անցորդ է:

Ոստիկանությունն իր հերթին դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 4-ին Econews.am լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: «Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---