Կատալոնիայի խորհրդանն ընդունել է լուծարման մասին Մադրիդի որոշումը. Արտահերթ ընտրություններ կլինեն

Կատալոնիայի խորհրդանն ընդունել է լուծարման մասին Մադրիդի որոշումը. Արտահերթ ընտրություններ կլինեն

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է լուծարման մասին Մադրիդի որոշումը և դադարեցրել է աշխատանքը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանի նախագահության նիստը չեղարկվել է:

Հոկտեմբերի 30-ի առավոտյան Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը, որը անկախության հռչակման ամենահետևողական կողմնակիցներից է, խորհրդարանի շենքում էր: Նա պաշտոնապես կպահպանի իր պաշտոնը մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք նշանակվել են դեկտեմբերի 21-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել Կատալոնիայի վարչակազմը և խորհրդարանը ցրելու, ինչպես նաև տարածաշրջանում ուղիղ կառավարում հաստատելու մասին: Որոշումը կայացվել է կառավարության արտահերթ նիստում հոկտեմբերի 27-ին:

Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել երկրի վարչապետ Մարիո Ռախոյին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությանը իշխանությունից հեռացնելու հարցում:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախակողմյան կուսակցության և «Միասին՝ այո» կոալիցիայի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ևս 2-ը չի մասնակցել քվեարկությանը:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---