Ռուստամյան. ՄԽ-ն նոր խնդիր ունի՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին

Ռուստամյան. ՄԽ-ն նոր խնդիր ունի՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ հասցեականություն կար: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով համանախագահների՝ ԼՂ հակամարտության կողմերին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Նրա խոսքով՝ ՄԽ համանախագահները շատ թարմ հետքերով եկան. մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից, նախագահ դառնալու հավակնություն հանդես բերելով, իրեն բնորոշ հոխորտացող հայտարարություններով հանդես եկավ, գրում է Panorama.am-ը:

«Մինսկի խումբն ունի երկու խնդիր՝ մեկը, որ ասում էինք, պետք է բանակցություններում ընդգրկվի նաև ղարաբաղյան կողմը, հիմա ունի երկրորդ խնդիր՝ բանակցելի դարձնել Ադրբեջանին, այսինքն՝ բերել իրական բանակցությունների սեղան: Ադրբեջանը այսպիսի հայտարարություններով, պահվածքով՝ մի բան ասել բանակցությունների ժամանակ, հետո գնալ, այլ ուղղությամբ պատրաստել երկիրն ու ժողովրդին, ուղղակի անբանակցելի կողմ է դարձել, և այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ»,- ասել է նա:

Ռուստամյանը մանրամասնել է՝ խոսքն այստեղ առնվազն բանակցելու նորմալ միջավայր ստեղծելու մասին է, որը միջնորդների հիմնական հանձնառությունն է, նրանք պետք է ստեղծեն միջավայր: ՀՅԴ խմբակցության ղեկավարը ընդգծել է՝ ի տարբերություն Ադրբեջանի ցանկությունների՝ Հայաստանում չեն ասում, թե համանախագահները կողմերից մեկին պիտի պաշտպանեն, նրա համար ընդունելի հայտարարություններ անեն:

Պատգամավորը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին՝ անթաքույց հայտարարության մեջ խոսվում է Ալիևի ամպագոռգոռ հայտարարությունների մասին, քանի որ առնվազն այս ընթացքում Հայաստանից ոչ ոք չի լսել նման հոխորտացող հայտարարություններ: «Ադրբեջանական կողմը մնում է անսասան, կոշտ, անիմաստ ու անհեռանկար, այսինքն՝ բանակցությունների խափանող հիմնական գործոնը այսօր դարձել է Ադրբեջանը՝ իր վարչակազմով»,- ասել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---