// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Արմենիկումի» տնօրենին տեղեկացրել են, որ 2018-ին ֆինանսավորումը դադարեցվելու է

«Արմենիկումի» տնօրենին տեղեկացրել են, որ 2018-ին ֆինանսավորումը դադարեցվելու է

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:

Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, «Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լևոն Գևորգյանը և կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, Ս. Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի այրվածքների բաժնի վարիչ Կարինե Բաբայանը, ուռուցքաբան, իմունաբան, բ.գ. դոկտոր Զառա Տեր-Պողոսյանը:

«Արմենիկումի» տնօրենը նաև նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018-ին ֆինանսավորումը դադարեցվելու է:

Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի ծառայությունները՝ նշելով, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:

Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուկի արդյունավետությունը, մասնավորապես նա օրինակներ է բերել շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ: Այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է իրենց հիվանդանոցում կատարված փորձարկումների դրական արդյունքները:

«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկացրել է այնտեղ կատարված վերջին փորձարկումների արդյունքների մասին, ըստ որոնց «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լևոն Գևորգյանի խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

Քննարկվել է նաև կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման և հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության և այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում:

«Արմենիկումի» տնօրենը նաև նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Միաժամանակ նա հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները: Այնուամենայնիվ, ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

«Արմենիկումի» ստեղծման մասին հայտնի դարձավ 1998 թ., իսկ գրանցվեց Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների բուժման համար։

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը