«ՎիզաՄետրիկի» կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը կասեցվել է

«ՎիզաՄետրիկի» կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը կասեցվել է

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն ուղեփակել է ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցրել է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորությունը՝ մինչև ստուգման գործողությունների ավարտը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է:

Ստուգումներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի նպատակն է պարզել, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

2018-ի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:

Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ գործակալությունը սեփական նախաձեռնությամբ է սկսել ստուգման գործընթացը:

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---