Կանադահայ Հարութ Շիթիլյանը՝ «Ավրորայի» նոր գործադիր տնօրեն

Կանադահայ Հարութ Շիթիլյանը՝ «Ավրորայի» նոր գործադիր տնօրեն

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։

37-ամյա Հարութ Շիթիլյանը, որը եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը և Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտությամբ ճարտարագետ է:

Շիթիլյանը տիրապետում է 5լեզվի՝ հայերենի, ֆրանսերենի, անգլերենի, արաբերենի և իսպաներենի։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաև Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Ավրորան» ինձ համար անչափ գրավիչ է՝ իր համակարգված պլանավորմամբ և ստեղծագործ բնույթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթե բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նույն մոտեցումը։ Ես տպավորված եմ նաև այսքան կարճ ժամանակահատվածում «Ավրորայի» ունեցած նվաճումներով: Անչափ ոգևորված եմ և այս առիթը համարում եմ և ինձ, և համահիմնադիրների համար հրաշալի հնարավորություն՝ միասնաբար լծվելու գործի և «Ավրորայի» առաքելությունը հասցնելու հաջորդ մակարդակին՝ դարձնելով այն կայուն ու հաջողակ և որպես առաջնահերթություն պահելով երախտագիտության արտահայտման և օգնության կարիք ունեցող մարդկանց աղետալի դրությանն արձագանքելը»։»,– ասել է Շիթիլյանը։

«Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները բաց են եղել բոլոր նրանց առջև, որոնք ունեն գլոբալ մտածողություն։ Հավատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաև Հարութ Շիթիլյանին իր նոր պաշտոնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական և զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում և աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական և զարգացման բազմաթիվ ծրագրեր:

«Ողջունելով «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենին՝ արժե հիշել և հիշեցնել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պարզապես հերթական մի ներկայություն չէ հայկական աշխարհում կամ մարդասիրական ոլորտում, այլ ինքնին նոր բնույթի ձեռնարկում, հասարակական կազմակերպություն՝ ստեղծված նոր ոգով և նոր տեսլականով։ «Ավրորան» հիմնադրվել է երեք տարի առաջ՝ դառնալով մեր ամենահավակնոտ նպատակների արտահայտությունը, քանի որ մենք ցանկանում էինք ոչ միայն երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին, այլև անել դա՝ աջակցելով նրանց, ովքեր այսօր իրենց կյանքը նվիրում են վտանգի մեջ հայտնված մարդկանց փրկությանը»,-մեկնաբանել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասել է. «Ավրորա» նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու և երախտագիտություն հայտնելու գաղափարը»։

«Ավրորան» ղեկավարելը միաժամանակ և պատիվ է, և հսկայական պատասխանատվություն»,-ասել է Արման Ջիլավյանը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015 թվականից։ «Ես մեծ ոգևորությամբ եմ սպասում Հարութի հետ աշխատելուն, որպեսզի մենք երաշխավորենք, որ «Ավրորայի» առաքելությունը աշխարհով մեկ շարունակի համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք նվիրված են համընդհանուր մարդկայնության ոգուն և աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարին։ Սա «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր նշանաբանն է, որը միշտ շարունակական է լինելու։ Ես ներգրավված եմ մնալու RVVZ և IDeA հիմնադրամներում՝ նպաստելով դրանց գործունեությանը: Բոլորին, ովքեր նվիրված են այս նույն գաղափարներին, հրավիրում ենք միանալու «Ավրորայի» գործունեությանը»,-ասել է նա:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---