Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին

Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն ասել է, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն տեղակայվել են։ Նրա խոսքով՝ նոր ու մի քիչ էլ անսովոր իրավիճակը գյուղում շատերի համար է խորթ, իսկ սահմանազատման արդյունքները կիրանցեցիների սրտով չեն, դժվարությամբ են հարմարվում նոր իրավիճակին։

«Ադրբեջանցի սահմանապահներն արդեն եկել և ծառայություն են իրականացնում, երբեք չէինք պատկերացնի, որ նման իրավիճակ կլինի»,–ասել է նա:

Կիրանցի վարչական ղեկավարը ներկայացրել է, թե սահմանազատման հետևանքով ինչ գույք ու տարածքներ են անցել Ադրբեջանին։ Ըստ Կամո Շահինյանի՝ սեփականաշնորհված 57 տարածք է անցել ադրբեջանական կողմին, հայտնում է Factor.am-ը։

«Ադրբեջանական կողմին է անցել 2 բնակելի կառուցապատված շինություն, ավտոնորոգման կետ, 3 խանութ, 1 ավտոլվացման կետ, 2 այլ շինություն, որոնցից մեկը խանութ է, մյուսը՝ բիստրո, որը, սակայն, չէր գործում»,- մանրամասնել է նա։

Մայիսի 23–ին Կիրանց գյուղի բնակիչներից ոմանք փորձել են ոչնչացնել իրենց այն գույքը, որը պետք է անցնի Ադրբեջանին: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ տեսանյութերից մեկում երևում էր, որ կիրանցեցիներից մեկը փորձում է հրկիզել հողամասի այն հատվածը, որը սահմանազատման հետևանքով պետք է անցնի ադրբեջանական կողմին։ Հրապարակված մեկ այլ տեսանյութում է երևում էր, որ գյուղացիներից մեկն ապամոնտաժում է իր շինությունը։

Կիրանցի վարչական ղեկավարն ասել է, որ գույքին վերաբերող հարցերն իրեն չեն առնչվում, որոշումը սեփականատերերինն է, փոխհատուցման հարցով էլ կիրանցեցիներն ու կառավարությունն են բանակցում։

«Արդեն ուշ է տնից դուրս չգալու համար։ Մենք դուրս չենք գալիս, բայց հանում են։ Սահմանազատում է եղել, սահմանազատված գծի մեջ կան տներ, հո ադրբեջանցու հետ չե՞նք ապրելու, ուզած-չուզած պետք է դուրս գանք»,- ասել է Շահինյանը։

Անդրադառնալով նորակառույց դպրոցի խնդրին՝ նա շեշտել է, որ այն վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել՝ հաշվի առնելով անվտանգային խնդիրները։

Արդեն մի քանի օր է՝ սկսվել է Կիրանցի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ չնայած անձրևին՝ շինարարներն աշխատում են նոր ճանապարհի կառուցումն արագորեն ավարտին հասցնել։

ԱԱԾ-ն հայտարարել է, որ մայիսի 24–ից սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թ. հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել ու ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրեմլի, Բերքաբեր-Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը: Ավելի վաղ Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976 թվականի քարտեզով չեն մնում ՀՀ տարածքում։ ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որն այս պահին չի աշխատում, ինչպես նաև մեկ ավտոտնակ։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---