Ոստիկանություն. Պետմարմիններն արգելափակելը դուրս է խաղաղ հավաքների իրավունքի բովանդակությունից

Ոստիկանություն. Պետմարմիններն արգելափակելը դուրս է խաղաղ հավաքների իրավունքի բովանդակությունից

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է, որ ձեռնարկելու է բոլոր միջոցները պետկառույցների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը:

Նշվում է, որ կեսօրից հետո հավաքի ոչ մեծաթիվ մասնակիցները, առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի կոչերով, շարժվել են դեպի Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղակայված շինությունները և նրա ուղղակի ու անմիջական ցուցումներով փոքր խմբերով սկսել են արգելափակել պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքերի մուտքերը:

Հայտարարության մեջ ասվում է, որ միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքի մասնակիցներին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մտնել արգելափակված շենքեր և կաթվածահար անել այնտեղ տեղակայված և իրենց լիազորություններն իրականացնող մարմինների գործունեությունը:

ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունները դուրս են Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունքի բովանդակությունից: Ավելին, դրանց որոշ դրսևորումներ առերևույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմությունը հանրահավաք է իրականացնելու հանրապետության հրապարակում ժամը՝ 18:30-ին: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին համախմբել Հանրապետության հրապարակում: Նրա տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ցրել ցույցը, և տարբեր խմբերի միջոցով ուզում են սադրել ու անկարգություններ հրահրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---