Արոնյան. Մեր նպատակներին կարելի է հասնել միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով

Արոնյան. Մեր նպատակներին կարելի է հասնել միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններին է անդրադարձել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետևելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը և իշխանության ցուցաբերած իմաստուն և հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Արոնյանը հավելել է, որ հավատում է, որ նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով: «Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից որոնք կարող են վտանգել են այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ և գիտակից: Առողջ և մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը , կանանց դերի և ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ անչափ կարևոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել պատասխանատու վերաբերմունքով, որը սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: «Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին և հողին: Միասին մենք անհաղթ ենք»,-գրել է Լևոն Արոնյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---