Շարմազանով. Ուղիղ եթերը նայում են նաև Ալիևն ու Էրդողանը

Շարմազանով. Ուղիղ եթերը նայում են նաև Ալիևն ու Էրդողանը

PanARMENIAN.Net - Ոչ Հանրապետականը, ոչ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ իրենք բաց են ցանկացած քննարկման համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի։ Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, մեզ համար փակ օրակարգ չկա»,-ասել է նա։

Շարմազանովը նաև ափսոսանքով նշել է, որ իրենց պառլամենտական գործընկեր Փաշինյանը ևս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով, այս անգամ արդեն ուղիղ եթեր՝ տեսախցիկներով։

«Ես կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերով խոսեն Հայաստանի ապագայի, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն սփյուռքահայությունն, այլ նաև ադրբեջանցիներն ու թուրքերը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուղիղ եթերում գնում են բանակցություններ, հազար ու մի կարևոր հարցից պետք է խոսեն, և Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով նայում են։ Դո՞ւք դա նորմալ համարո՞ւմ եք, դա արդյունավետ համարո՞ւմ եք»,- ասել է Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծում է՝ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն արտաքին մարտահրավերներն են և անվտանգությունը։

«Ես չեմ պատկերացնում որևէ իշխանություն և ընդդիմություն թե՛ Հայաստանում, թե՛ որևէ այլ երկրում, բայց, մասնավորապես, Հայաստանում ուղիղ եթերում կգնա բանակցությունների, կքննարկի ամեն ինչ, երբ որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ և առնվազն երկու հակառակորդ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին, պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ, և ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով՝ օրենքների շրջանակներում»,-ասել է նա։

Ապրիլի 25-ին նախատեսված Փաշինյան-Կարապետյան բանակցությունները չկայացան, քանի որ Փաշինյանն առաջարկել էր հանդիպումը լրագրողների մասնակցությամբ անցկացնել: Կարապետյանը հայտարարեց, որ հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:Ապրիլի 27-ին Փաշինյանը կրկին բանակցությունների է հրավիրել Կարապետյանին, կրկին ուղիղ եթերի ապահովմամբ, սակայն Կարապետյանը հրաժարվել է:

Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Կարեն Կարապետյանի «պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ»: Նա ասել է՝ բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---