ՄԻՊ. Մտահոգիչ են պատգամավորների անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները

ՄԻՊ. Մտահոգիչ են պատգամավորների անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։ Այդ մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը՝ այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները:

Նշվում է, որ դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը: Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չարտոնված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ։

«Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող:

Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են:

Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կարևորելով զանգվածային լրատվամիջոցների դերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

«Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը», - ասված է հայտարարության մեջ։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։

Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։ Այս մասին է հայտարարել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հանրահավաքի ժամանակ։ժամը 19.00 հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---