ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի ընտրության նիստը. Փաշինյանը ելույթ է ունենում (Թարմացվող)

ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի ընտրության նիստը. Փաշինյանը ելույթ է ունենում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է օրենքի ուժով հրավիրված հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը: Առաջադրված է միայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Իր ելույթը Փաշինյանը սկսեց Շուշիի ազատագրման տարեդարձը շնորհավորելով՝ նշելով, որ Հայաստանի «թավշյա» հեղափոխության հաղթանակն էլ պետք է արձանագրվի հենց այսօր: Նա շարունակեց.

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: ՀՀ-ում արտոնյալներ չեն լինելու, և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, արմատախիլ է արվելու կոռուպցիան, և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն, և վերջ: Այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների»:

Ազգային ժողովում է նաև SOAD մեներգիչ Սերժ Թանկյանը, որը նախօրեին ժամանել էր Երևան: Նա ևս հետևում է նիստին:

Մինչ նիստը սկսելը լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ մոտ մեկ շաբաթ է մնալու Երևանում, բայց ապագայում ցանկություն ունի տարվա ընթացքում 1-2 ամիս Հայաստանում անցկացնել:

«Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ՝ ավելի ամուր դարձնելով գործակցությունը: ՌԴ հետ հարաբերությունների զարգացումը մեր գլխավոր առաջնորդությունների թվում է: ՌԴ հետ ռազմական գործակցությունը դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում անդրադրձավ նաև ԼՂ հիմնախնդրին.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ՝ որպես հիմք ունենալով մեր սկզբունքային դիրքորոշումը: Ընդգծեմ՝ բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Ացախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է»,- ասաց նա:

Անդրադառնալով բանակաշինությանը, Փաշինյանը նշեց.

«Զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ պետք է վերացվի: Իմ առաջին հանձնարարականներից մեկը ՊՆ-ին լինելու է շատ արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որ բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հենց այսօր պատրաստվում եմ լսել ԶՈւ և ԱԱԾ ներկայացուցիչների զեկույցը ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

Փաշինյանի խոսով՝ առաջիկա ամենամեծ անելիքն ընտրական համակարգի բարեփոխումն է՝ «ՀՀ-ն իրոք ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստելու համար»:

«ՀՀ համար նոր ու փառապանծ էջ է բացվել: Վերադարձ հնին այլևս չի լինելու: Մեր երկրում էլ չի լինելու հուսահատություն... Ատելությունն ու ատելության քարոզը մեր ոճը չէ, ու մեր երկրում չպետք է այլևս նման բան լինի»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանն անդրադարձավ նաև քաղբանտարկյալների թեմային.

«Կառավարությունը ջանքեր կգործադրի, որ քաղ.գործունեության բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն»:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցեր չկային: Մտքերի փոխանակման համար հերթագրվեց 5 պատգամավոր:

ԵԼՔ-ից Արամ Սարգսյանն իր ելույթում դիմեց ՀՀԿ-ից իր գործընկերներին.

«Սիրո ու հանդուրժողականության այս հեղափոխությունը կարող է լինել նաև ձերը, միանշանակ: Անսխալական մարդ չկա, առավել ևս՝ քաղաքական ուժ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթից.

«Մարդիկ դուրս են եկել իրար դեմ: Հասարակությունը բաժանվել է սպիտակների ու սևերի, ամեն տեղ ատելության մթնոլորտ է:

Մեզ համար կարևոր էր հասկանալ՝ արդյո՞ք վարաչպետի թեկնածուն կարող է իր ուսերին վերցնել այդ բեռը, թե մեր ժողովուրդը մոտ ապագայում հայտնվելու է քաոսի մեջ: ՀՀԿ-ն կօժանդակի վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:

Մեզ համար անընդունելի է այն թշնամանքի մթնոլորտը, որ տիրում է ամենուր:

Դուք հատել եք թույլատրելիի սահմանը: Հորդորում ենք ձեզ՝ հանուն մեր երկրի ու ապագայի, փորձել վերացնել այդ ատելության մթնոլորտը, մի սերմանեք այն մեր ապագա սերնդի մեջ:

Պրն Փաշինյան, դուք կընտրվեք ՀՀ վարչապետ, ու մոտ ապագայում կզգաք այն ծանր բեռը, որ կրում էին ուրիշները»:

59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ 16-րդ վարչապետ:

Նա եզրափակեց. «Ծառայում եմ Հայաստանի հանրապետության ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---