Դեսպան. Ֆրանսիական համալսարանին նոր շենք է պետք

Դեսպան. Ֆրանսիական համալսարանին նոր շենք է պետք

PanARMENIAN.Net - Հայաստանն ավանդաբար ջերմ ու բազմաշերտ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, որոնք Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է առավել խորացնել և զարգացնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը:

Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, որը վկայում է քաղաքացիական կրթության և ժողովրդավարական արժեքների բարձր նշաձողի մասին:

Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս այս համալսարանի՝ Հայաստանն և Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը: Դեսպան Լաքոտը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով ևս մեկով: Հետևաբար, դեսպանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:

ԿԳ նախարարն ընդգծել է աշնանը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը միջպետական հարաբերություններին նոր որակ կտա և նոր հեռանկարներ կապահովի հատկապես կրթական ծրագրերի համար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին և երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ մի շարք հարցերի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է հնարավորություններ ստեղծել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար: Կարևորվել էր նաև ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---