«Ալեքս Հոլդինգը» շահութահարկի ու ԱԱՀ փոխարեն շրջհարկ է վճարել՝ 461 ԱՁ գրանցելով

«Ալեքս Հոլդինգը»  շահութահարկի ու ԱԱՀ փոխարեն շրջհարկ է վճարել՝ 461 ԱՁ գրանցելով

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝«Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություն, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ