ԱԳ նախարար. ԼՂ-ն որոշիչ ձայն ունի խաղաղ կարգավորման գործընթացում

ԱԳ նախարար. ԼՂ-ն որոշիչ ձայն ունի խաղաղ կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը որոշիչ ձայն ունի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչը որևէ նորություն չէ որևէ մեկի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հայկական կողմն այժմ մի փուլում է, երբ ձևավորվում են բանակցային գործընթացը շարունակելու հիմքերը:

Նախարարը հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ինքը հեռախոսազրույց է ունեցել համանախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ՀՀ է այցելել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, Ֆրանսիայի արտգործնախարարը, հեռախոսազրույց է եղել նաև Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու է Մոսկվայում աշխատանքային այցով, և հիմնական իմաստն այդ այցի հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։

«Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ: Գործընթաց, որն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել և մնում է մեկ հստակ իրողություն, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում: Ինձ թվում է, որևէ նորություն չէ որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը, նույն եռանախագահների ձևակերպմամբ, կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ Nagorno-Karabakh conflict: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել: Վերջինիս որոշիչ ձայնն ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհել չի լինի:

«Սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ավելին, ես կցանկանայի շեշտադրել ևս մեկ հանգամանք, որ այս ամենի համար էական նշանակություն ունի, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում հակառակին»,-ասել է նա:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---