Վարդանյան. «Ավրորան» նախաձեռնել ենք մարդկային արժեքները հետ բերելու համար

Վարդանյան. «Ավրորան» նախաձեռնել ենք մարդկային արժեքները հետ բերելու համար

PanARMENIAN.Net - Աշխարհում գոյություն ունի բարոյականության ճգնաժամ: Այդ մասին հայտարարել է «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ՝ հավելելով, որ «Ավրորան» նախաձեռնել են մարդկային արժեքները հետ բերելու համար:

Նա նշել է, որ 20 երկրում է շրջագայել այս խնդրով, ու երբ հարցնում էր՝ ո՞վ է ձեր բարոյական առաջնորդը, երկրների մեծ մասում մարդիկ չէին կարողանում անուն տալ, հայտնում է Panorama.am-ը:

Սա, ըստ Վարդանյանի, հստակ ճգնաժամ է: Երկրների մեծ մասում էլ նրանք գրողներն էին, մտավորականները, ինչը, բանախոսի գնահատմամբ, հսկայական ճգնաժամ է. մարդիկ կորցրել են այդ սեգմենտը՝ մարդկանց, ում վստահում են բարոյական բարձր արժեքների համար:

«Մարդիկ վախենում են, չեն վստահում, փորձում են անտեսել խնդիրները, նրանք կորցրել են հավատը համակարգի հանդեպ: Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, հիշում եմ՝ երբ Բրեժնևը մահացավ, կյանքը վատ չէր, բայց մարդիկ ապագայի հանդեպ վստահությունը կորցրին: Ես չեմ տեսնում, թե ինչպես նույն ազդակներով կարող է շարունակել գոյատևել աշխարհը, այն մեծ տրանսֆորմացիայի առջև է կանգնած, ու ես չգիտեմ՝ ինչ տարբերակով կլինի այն»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ սա հարց է, որը բոլորին է մտահոգում:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կարող է վատագույն սցենարով տեղի ունենալ: Վարդանյանն ընդգծել է՝ խոսքն ընկալումները փոխելու մասին է, դրա համար էլ նախաձեռնել են «Ավրորան» ու փորձում են մարդկային արժեքները հետ բերել, որը հիմնական հավատամքն է:

«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները մեկնարկել են հունիսի 8-ին:

Aurora Dialogues-ի շրջանակում մարդասիրական ոլորտի առաջատար գործիչները,նախկին պետական պաշտոնյաները, ձեռներեցները հանդիպում են՝ քննարկելու մեր օրերի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրները։ Քննարկումներ կընթանան նաև հումանիտար կարևորագույն հիմնախնդիրների շուրջ աշխարհի տարբեր հատվածներում հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը նվիրված «Ավրորա մարդասիրության ցուցիչ» հետազոտության 2018թ. արդյունքների շուրջ։

2018թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումները կհանգուցալուծվեն հունիսի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հանդիսությունների շարքի եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---