ՍՊԸ-ն դիմում է վարչապետին՝ Թումո-ի կողմից իր «մտավոր սեփականության իրավունքի խախտման և գործադրվող ճնշումների» խնդրով

ՍՊԸ-ն դիմում է վարչապետին՝ Թումո-ի կողմից իր «մտավոր սեփականության իրավունքի խախտման և գործադրվող ճնշումների»  խնդրով

PanARMENIAN.Net - 2008 թվականից դիզայնով, անիմացիայով, ֆիլմարտադրությամբ և լուսանկարչությամբ զբաղվող «Թումո դիզայն» ընկերության համահիմնադիրներ Արմեն և Վիգեն Թումանյանները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2011-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծած Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից «մտավոր սեփականության իրավունքի խախտման և ընկերության նկատմամբ գործադրվող ճնշումների վրա» կառավարության ղեկավարի ուշադրությունը գրավելու համար:

Նրանց նամակում ասվում է, որ ժառանգելով «Թումո» անունն իրենց պապերից՝ Թումանյաններից, այն սկսել են գործածել դեռ 2002-ին, որպես իրենց ստեղծագործական աշխատանքների տարբերանշան՝ հույսով, որ հետագայում այն կավանդեն նաև իրենց ժառանգ Թումանյաններին:

«Թումո» անվանումով ճանաչելի ենք դարձրել մեր արտադրանքը, ինչը հանրությանն ավելի հասանելի ներկայացնելու նպատակով 2005-ին գրանցել ենք tumo.am կայքը: Ժամանակի ընթացքում ձևավորել ենք ստեղծագործական թիմ և 2008-ին հիմնել «Թումո դիզայն» ՍՊԸ-ն (գրանցման համարը՝ 264.110.08359): Որոշելով ձևակերպել «Թումո» անվանումը գործածելու մեր իրավունքը՝ 2011-ին դիմել ենք Մտավոր սեփականության գործակալություն։ Վերջինս, օրենքով սահմանված կարգով անցկացնելով անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, կատարել է «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների գրանցումը (Մտավոր սեփականության գործակալության վկայականներ N17937, N17938):», - ասվում է բաց նամակում:

Դրա համաձայն նաև, այդ գործընթացից հետո Թումանյանները տեղեկացել են, որ Սիմոնյան կրթական հիմնադրամը (որը հիմնադրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը) փորձել է գրանցել նման ապրանքային նշանն այն ոլորտներում, որտեղ գրանցված է «Թումո դիզայն» և, Մտավոր սեփականության գործակալության կողմից մերժում ստանալով, դատի է տվել վերջինիս: Հայցի պահանջն էր՝ անվավեր ճանաչել «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների նկատմամբ «Թումո դիզայն» ՍՊԸ-ի իրավունքների գրանցումը և այն գրանցել որպես Սիմոնյան կրթական հիմնադրամի իրավունք:

«2012-ից, օգտագործելով իշխանության ամենաբարձր օղակների դրական վերաբերմունքը և դատական տարբեր ատյաններում բարձրաձայնելով իշխանությունների օժանդակության մասին, հիմնադրամը ճնշում է գործադրում ոչ միայն դատական համակարգի, այլև պետական կառույցների վրա: Մասնավորապես, դատական գործընթացն արհեստականորեն ձգձգում է, Սիմոնյան կրթական հիմնադրամը շարունակաբար գործածում է ԹՈՒՄՈ ապրանքային նշանը որպես իր ծառայությունների տարբերակիչ: Իսկ 2014-ին Մտավոր սեփականության գործակալությունը գրանցեց նախկինում մերժված ապրանքային նշանը Սիմոնյան կրթական հիմնադրամի անունով, ինչի պատճառով դատական ևս մեկ գործընթաց սկսվեց», - նշվում է նամակում:

Թումանյանների խոսքով՝ նման իրավիճակը շահերի բախման պատճառ է դարձել, ինչն ազդում է իրենց տնտեսական գործունեության վրա:

«Արդեն տևական ժամանակ է, ինչ կորցրել ենք վստահությունը արդարադատության հանդեպ և, ենթադրելով, որ ի վերջո վճիռը մեր դեմ կլինի՝ ստիպված մեր հույսը կապում ենք եվրոպական դատական ատյանների հետ»,- նշվում է նամակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրանք հղելով, նոր Հայաստանի անկախ դատական համակարգն «ազատ պահել իշխանությունների ճնշումներից և երաշխավորել օրենքի տառին համապատասխան որոշումների կայացումը և համահավասար իրավունքների պաշտպանությունը ցանկացած բիզնեսի համար»:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

 Ուշագրավ