Նազիկ Ամիրյանին ապօրինի զենք պահելու համար մեղադրանք է առաջադրվել

Նազիկ Ամիրյանին ապօրինի զենք պահելու համար մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալված ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17.606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 УЗРГМ-2 տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի РПГ-7В տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, հունիսի 27-ին Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---