ՀՀ նախագահ. Սահմանադրությամբ ապրելը ոչ թե պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը

ՀՀ նախագահ. Սահմանադրությամբ ապրելը ոչ թե պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրությամբ ապրելը ոչ թե սոսկ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը: Այդ մասին ասվում է Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, որտեղ նշվում է, որ հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, միևնույն ժամանակ՝ նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը:

Ուղերձում մասնակվորապես ասվում է, որ պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար:

«Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է: Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության և հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:

Վերջին շրջանում պետական շինարարության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլև միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը: Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, և առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ»,-ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաև մեր բարոյական օրենքները:

Ուղերձում ասվում է, որ պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել Սահմանադրությունը: Ու այդժամ՝ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու և ավելի վստահելի:

«Սահմանադրությունը և ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից և կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի գրավական:Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը:

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։ Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---