Ինչ չի կարելի տանել Վրաստան

Ինչ չի կարելի տանել Վրաստան

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանությունը ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ծանուցագրեր է պատրաստել, որոնք ուղարկվել են հայ-վրացական սահմանային անցակետ՝ սահմանը հատել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին տրամադրելու համար, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, ինչի հետևանքով կարող են տուգանվել, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկվել Վրաստանի ներքին օրենսդրությամբ:

Արգելված դեղամիջոցներ. Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ ացետիլդիհիդրոկոդեին, դիհիդրոկոդեին, կոդեին, նիկոդիկոդին, նիկոկոդին, նորկոդեին, ֆալկոդեին, էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ էֆեդրին, նորէֆեդրին, պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։

Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։

Ծխախոտի թույլատրելի չափաքանակ.Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել։

Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում.2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։

Զենք. Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։

Գումարի թույլատրելի չափ. Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարիի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։

Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ. Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարագրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---