ԵԱՀԿ 11 երկիր կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից

ԵԱՀԿ 11 երկիր կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ «Վրաստանի բարեկամների» ոչ պաշտոնական խումբը համատեղ հայտարարությամբ է հանդես եկել «Վրաստան ՌԴ ռազմական ներխուժման 10-ամյակի» կապակցությամբ: Հեղինակները դիմել են Ռուսաստանին՝ կոչ անելով «հրաժարվել Աբխազիա և Հարավային Օսիա վրացական շրջանների այսպես կոչված անկախության ճանաչումից»:

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան և Ուկրաինան: Նրանք նաև կոչ են արել Մոսկվային «դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից», գրում է Deutsche Welle-ն:

Հայտարարության հեղինակները նաև կողմ են արտահայտվել Վրաստանում ԵԱՀԿ առաքելության ստեղծմանը, որը կներառի «մոնիթորինգային հնարավորություններ օկուպացիայի գծի երկայնքով»:

2008-ի օգոստոսին Վրաստանի և ՌԴ միջև 5-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից, հռչակվեց անկախ հանրապետություն, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Պատերազմի արդյունքում զոհվեց մոտ 850 մարդ, ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 120.000 մարդ ստիպված եղավ հեռանալ տնից: Մոտ 30.000 վրացի մինչ օրս չի կարողանում վերադառնալ Հարավային Օսիա: Պատերազմը կասեցվեց ԵՄ և անձամբ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին:

Աբխազիան և Հարավային Օսիան անկախ են ճանաչվել Նիկարագուայի, Վենեսուելայի, Նաուրուի և Սիրիայի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---