// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բանակից խուսափած 27-ը լրացած անձինք գումար վճարելով կազատվեն քրեական հետապնդումից

Բանակից խուսափած 27-ը լրացած անձինք գումար վճարելով կազատվեն քրեական հետապնդումից

PanARMENIAN.Net - «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով կերկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարությունը նոյեմբերի 8-ի նիստում:

Օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Փոփոխությունը կտարածվի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի և այն անձանց վրա, որոնց 27 տարին լրանում է մինչև այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին:

ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հանձնարարել էր, արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնել:

Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մինչև այժմ 8 անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է դարձել հազարավոր երիտասարդների՝ ՀՀ վերադարձն ապահովելու գործում:

 Ուշագրավ