// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թոշակառուները կկարողանան անվճար համերգասրահներ ու թատրոններ այցելել

Թոշակառուները կկարողանան անվճար համերգասրահներ ու թատրոններ այցելել

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները նոյեմբերի 9-ին սկիզբ են դրել մի նախաձեռնության, որի միջոցով հանրապետության կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նշել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ թոշակառուներին կարողանան որոշ արտոնություններ ու հնարավորություն տալ, հայտնում է Panorama.am-ը

«Հանդիպեցի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահների ու թատրոնների տնօրինության հետ, որի արդյունքում եկանք այն այն եզրակացության, որ պետության կողմից աջակցություն ունեցող ցանկացած միջոցառման տոմսերի որոշ հատված պետք է տրամադրվի սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակառուների համար։ Այս պահին ֆիքսված թվաքանակ չկա, բայց այն կկազմի դահլիճում նստելատեղերի 2,5 տոկոսից մինչև 20 տոկոսը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2 հազար թոշակառու կկարողանա այցելել թատրոն կամ համերգասրահ։

Ինչ վերաբերում է տոմսերի բաշխմանը, ֆինանսներին ու նախաձեռնության նպատակահարմարությանը, նա նշել է. «Այս ծրագիրն իրականացնելու համար պետական բյուջեից հավելյալ ռեսուրսներ չեն պահանջվելու։ Շատերս երբ այցելում ենք ինչ որ համերգասրահ, տեսնում ենք, որ շատ դեպքերում ազատ տեղեր են լինում, ափսոս է, որ միջոցներ են ծախսվում, բայց արդյունավետությունը 100 տոկոսով չի ապահովվում։ Տոմսերը հատկացվելու են համերգասրահների ու թատրոնների կողմից։ Տոմսի վրա մի քանի լեզվով նշվելու է, որ այն վաճառքի ենթակա չէ։ Նաև, երբ թոշակառուները որոշեն տոմսը փոխանցել իրենց երեխաներին կամ թոռնիկներին, այն պարզապես հսկիչների կողմից չի ընդունվելու»։

Հանդիպմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ասել է «Մենք պատրաստվում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել»։

Թանդիլյանը մանրամասնել է, որ միջոցառումը սկսելուց առնվազն 3 օր առաջ ընտրանքային կարգով պետք է կապ հաստատվի թոշակառուների հետ և տեղեկացվի նման հնարավորության մասին։«Պետք է հետևենք պարբերականությանը, ով որքան է այցելում։ Ամեն անգամ տարբեր քաղաքացիներ կներգրավվեն։ Քաղաքացիները կենսաթոշակի վկայագրով կմոտենան և կվերցնեն տոմսը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե հեռավոր գյուղերի կենսաթոշակառուներն ինչպես կկարողանան օգտվել այս նախաձեռնությունից, քանի որ նրանցից հավելյալ ռեսուսներ կպահանջվի մարզի կամ շրջանի մշակութային օջախ այցելելու համար, Թանդիլյանն ասել է. «Համայնքային բյուջեում նախատեսված գումարներով նրանք կարող են հասնել իրենց մարզի կամ շրջանի մշակութային հաստատությունը»։

Թանդիլյանը չի բացառել, որ ծրագրի ընթացքում խնդիրներ կարող են ի հայտ գալ, և նշել է, որ ընթացքում մեխանիզմը կբարելավեն։

Լրագրողների մտահոգությանը, թե այս պահին կենսաթշակառուների համար առաջնային են առողջապահական խնդիրները, ինչին ի պատասխան սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ասել է. «Կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց այդ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը, իմ պատկերացմամբ, թոշակառուների բժշկական ապահովագրությունն է, ես հենց այդ ուղղությամբ եմ մտածում»։

Համագործակցության հուշագիրը նախարարները ստորագրել են ասուլիսի ընթացքում։

Ավելի վաղ նմանատիպ ծրագիր է գործարկվել աշակերտների համար: Մոտ 350,000 աշակերտ ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ ներդրվող աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն կունենա:Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, ծրագիրը 1-12-րդ դասարանցիներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելելու հնարավորություն կտա:

 Ուշագրավ
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր
Կարճ սերիալի համար մրցանակին է արժանացել «Ջանի Վերսաչեի սպանությունը»