Փաշինյան. Պետք է Արցախի քաղհասարակությանը ներգրավել վստահության կառուցման գործում

Փաշինյան. Պետք է Արցախի քաղհասարակությանը ներգրավել  վստահության կառուցման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախի, մասնավորապես քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանը բանակցային գործընթացում:

Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում և այդ նպատակով կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաև առաջիկայում՝ ԵՄ գործըկներների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում:

Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:

ՀՀ կառավարությունը մշակել է գործադիրի 5-ամյա ծրագիրը, որում նշվում է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը», - նշված է ծարգրում։

Նշվում է, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---