«Լիդիանը» զգուշացնում է՝ հնարավորություն չի ունեցել կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգերը

«Լիդիանը» զգուշացնում է՝ հնարավորություն չի ունեցել կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգերը

PanARMENIAN.Net - 2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

«Լիդիանը» տեղեկացրել է կառավարությանը, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը «2018-ի հունիսից ի վեր կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է»:

«Լիդիանը» բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

«Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականցվեր նախքան ձյան տեղումները:

Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---