ՀՀ նախագահ. Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել Գյումրիին

ՀՀ նախագահ. Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել Գյումրիին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջին հյուրին է հյուրընկալել Բաղրամյան 26-ի նստավայրում՝ ընդունելով Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին:

Նախագահը նշել է, որ իր նպատակն է` փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել Գյումրիին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության պատվի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ տարվա առթիվ՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հանրապետության նախագահի:

Որպես գյումրեցի և որպես Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ: «Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ: Երկրորդը՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել եւ աջակցել Գյումրիին»,- ասել է նախագահը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի և համաձայնել է Հանրապետության նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես եթե ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել: Շիրակի թեմի առաջնորդը նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է լուծվեն նաև քաղաքի մյուս խնդիրները:

Հանրապետության նախագահը առաջնահերթ կարևորել է նաև մարդկանց զբաղվածության հարցը: «Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանում իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել»,-ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները և հնարավորությունները՝ գոնե առաջիկա երկու- երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցներն համակարծիք են եղել, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման մեջ:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ:«Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը», - ասել է նախագահը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---