Օրբելյան. Ինձ նշանակել է կառավարությունը, դատի տվեք, թող դատարանը որոշի՝ օրինական է, թե ոչ

Օրբելյան. Ինձ նշանակել է կառավարությունը, դատի տվեք, թող դատարանը որոշի՝ օրինական է, թե ոչ

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ տեղի է ունենում ինչ-որ անհեթեթություն, անհասկացություն, որ իրեն նշանակելու որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ խնդիրը կառավարության հետ է:

«Չգիտեմ ինչու, Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես անօրինական եմ նշանակվել»,-ասել է նա: Նրա խոսքով, այդ մասին իրեն մշակույթի նախարարությունից ասում են վերջին 8-9 ամիսներին, հայտնում է Panorama.am-ը:

«Ես ասել եմ, որ սա իմ հարցը չէ։ Ինձ նշանակելու վերաբերյալ որոշում կայացրել է կառավարությունը, այնպես որ դուք խնդիր ունեք կառավարության հետ։ Կառավարությունը դատի տվեք, թող որոշի դատարանը՝ օրինական է, թե ոչ։ Իմ պայմանագիրը մշակույթի նախարարության հետ օրինական է։ Ես որևէ մեկին չեմ խնդրել, այն էլ անօրինական ինձ նշանակել այդ պաշտոնի։ Դա իմ կյանքի նպատակը չի եղել։ Այստեղ ինչ-որ անհակասցություն կա, ակնհայտ է, ոչ լավ խորհրդականներ ունի»,- նշել է Օրբելյանը։

Նա ասել է, որ եթե անօրինական լիներ, իրեն դեռ 9 ամիս առաջ կազատեին. «Նրանք սպասում էին, որպեսզի ես ինքս գնամ։ Բայց ես ինքս չեմ գնա, որովհետև ինչպես կբացատրեմ կոլեկտիվին՝ ինչո՞ւ, ի՞նչ հիմքով։ Ես ասացի՝ կամ ինձ հանգիստ եք թողնում, կամ ազատում եք։ Նա որոշեց ազատել»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր ազատման հարցում քաղաքական ենթատեքստ տեսնում է՝ Օրբելյանը պատասխանել է. «Ոչ մի քաղաքականություն այստեղ չեմ տեսնում, պարզապես Նազենի Ղարիբյանին սխալ տեղեկատվություն է տրված։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղում, ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, գլխավորը Հայաստանի զարգացումն է, օպերային թատրոնի ծաղկումն է»։

Օրբելյանն ասել է, որ մշակութի նախարարության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված փաստարկներում, թե ինչու են իրեն ազատել, սխալներ կան։

Ինչ վերաբերում է թատրոնի պարտքին, նա ասել է, որ կամաց-կամաց, հնարավորություն դեպքում մարում են, որը ժառանգել է նախորդ ղեկավարությունից։ Իսկ բացակայությունների մասին նշել է, որ ոչ մի օր առանց նախարարի հրամանի ինքը չի բացակայել, առանց նախարարի հրամանի ոչ մի օր չի եղել արտասահմանում։ Օրբելյանն նաև ընդգծել, որ արտերկիր է մեկնում գործերով։

Նա համոզված է, որ այս հարցը դրական լուծվում է ստանալու։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մշակույթի նախարարությունից մեկնաբանելով Կ. Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել են Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Օրբելյանը նշանակվել էր 2016-ին գեղարվեստական ղեկավար, իսկ 2017-ի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---