Իշխանությունն ու ՀԱԵ-ն՝ նույն մակույկում ու նույն մակույկը ճոճելիս

Իշխանությունն ու ՀԱԵ-ն՝ նույն մակույկում ու նույն մակույկը ճոճելիս

PanARMENIAN.Net - Եկեղեցին սիրում է երբեմն-երբեմն ցուցադրել իր մկանները՝ անհատ հոգևորականների կամ կառույցի ղեկավարության մակարդակով երկրի աշխարհիկ գործերին խառնվելով։ Հիշո՞ւմ եք, օրինակ, ինչպես Քոչարյանի օրոք Էջմիածինն իր կամքը թելադրեց սոցքարտերի հարցում։ «Անհատական ծածկագրերի» համակարգը վերանվանվեց «սոցիալական ապահովության քարտերի» այն պատճառաբանությամբ, որ անհատը, ըստ եկեղեցու, չի կարող ծածկագիր ունենալ։ Քարտերը տրամադրող «Նորք» կենտրոնն էլ, ի դեպ, պիտի «Նեմրութ» կոչվեր, սակայն․․․ անունը եկեղեցու մոտ ասոցացվեց հեթանոսական արձանախմբի հետ։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ եկեղեցականները ներգրավվում էին գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագծերի քննարկմանը, ստանում դասաժամեր ու դպրոցներ, բայց պետության հետ առերևույթ չէին գժտվում։ Այսօր, առաջին հայացքից, տեր Ղազար քահանայի՝ ԱԺ-ի դիմաց սեռական փոքրամասնությունների դեմ ակցիայում ներգրավվածությունը կարող է նախկինից ծանոթ մկանների ցուցադրությունը հիշեցնել։ Սակայն երբ դիտարկում ես տեղի ունեցածն իրադարձությունների շղթայում, պարզ է դառնում՝ Մայր Աթոռի, կառավարության ու անգամ նախագահի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ։ Սկսենք վերջից:

Ապրիլի 7-ին Ստեփանակերտում՝ Արցախի քաղաքական, զինվորական ու հոգևոր դասի ներկայությամբ ու Գարեգին Բ հանդիսապետությամբ օծվեց նորակառույց Մայր Տաճարը։ Լեռնային Ղարաբաղի ու եկեղեցու համար նշանակալի այդ իրադարձությանը Հայաստանը ներկայացնում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ով անգամ կառավարության անդամ չէ, այլ վարչապետին ենթակա մարմնի ղեկավար։ Նախագահ Սարգսյանը նախընտրեց Պորտուգալիան, ԱԺ խոսնակ Միրզոյանը Կատարում էր, Փաշինյանն էլ, ով նախկինում հարկ եղած դեպքում Արցախ ուղղաթիռով «կայծակնային» այցեր է կատարել, Ստեփանակերտ չմեկնեց՝ այդ օրը միայն «Երկրապահի» համագումարին մասնակցելով։ Ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը պաշտոնական ալիքներով տեղի ունեցած արարողությանն անգամ չարձագանքեցին։ Ավելին՝ ոչ Փաշինյանը, ոչ Սարգսյանը չշնորհավորեցին ապրիլի 7-ը, որը, հիշեցնենք, մայրության ու գեղեցկության օր է հռչակվել ոչ թե հենց այնպես, այլ ՀԱԵ նշվող՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի հետ հարմարեցվելով ու, ըստ էության, կրոնական տոն է։ Նման բան չէր եղել նախկին իշխանությունների օրոք, ավելին՝ տոն օրը ժողովրդին դիմելու առիթն անտեսելը նման չէ ոչ Սարգսյանին, ոչ Փաշինյանին։

Արդեն հաջորդ օրը՝ ԼԳԲՏ դեմ ցույցին, հոգևորականից ու ակտիվիստներից բացի, երևաց նաև Արմեն Սարգսյանը։ Ոչ անմիջականորեն՝ ցուցարարների պաստառի վրա, Մեծ Բրիտանիայի դրոշի ու միասեռական երգիչ Էլթոն Ջոնի «հարևանությամբ»։ Անձամբ Փաշինյանը հոգևորականի ու ակցիայի մասնակիցների քննադատությունից, կարծես, դուրս մնաց՝ փոխարենը մեղադրանքների տեղատարափի կենտրոնում էր փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սակայն նա էլ եկեղեցականների ու իշխանության «փոխհրաձգության» կենտրոնում հայտնված առաջին պաշտոնյան չէ․ վերհիշենք դեպքերից մի քանիսը։

2018-ի մայիսին Կոմիտաս վարդապետը «հարձակվում է» առողջապահության նախարար Թորոսյանի վրա, գրելով, թե վերջինս աթեիստ է, «ատում է քրիստոնյաներին, ուստի՝ սարսափելի է պատկերացնել, թե որքան անկեղծ է նա ցանկանում, ասենք, քրիստոնեաներին քաջառողջություն»։ Ավելի ուշ նույն ինքը կմեղադրի «ոմանց» իրենց «միասեռականությունը» աթեիզմով արդարացնելով (թեև Կոմիտաս վարդապետը նշված հարցազրույցում հատուկ շեշտում է, որ որևէ կերպ հարցը չի անձնավորում ու թշնամիներ չի որոնում, հարկ է հաշվի առնել, որ հայտարարությունը հնչում է Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ֆոնին ու «Իմ Քայլի» թեկնածու Դիանա Գասպարյանի հավատացյալ լինել-չլինելու մեղադրանքների ընթացքում)։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ, նախ, «ԱՅԲ» հիմնադրամի գործունեության շուրջ բաց կոնֆլիկտի մեջ է մտնում դրա ղեկավարության, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի հետ, սակայն կոնֆլիկտը կրոնական երանգ չի ստանում։

2018-ի ամռանը «Նոր Հայաստան՝ Նոր հայրապետ» շարժումը սկսում է պահանջել կաթողիկոսի հրաժարականը․ հոգևորականների ու ակտիվիստների մասնակցությամբ տեղի են ունենում բախումներ, կաթողիկոսի ազատ անցուդարձին խանգարում են։ Նոր իշխանությունները նախընտրում են գոնե առերևույթ մաքսիմալ հեռու մնալ կոնֆլիկտից ու չմիջամտել կրոնական գործերին, այդ թվում՝ չխառնելով ոստիկանությանը եկեղեցական տարածքում կարգուկանոնի պահպանմանը։ Արդյունքում եկեղեցին հայտնվում է «կոմֆորտի զոնայից» դուրս ու ստիպված լինում պաշտպանվել սեփական ուժերով ու բռունցքներով։ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, ՀՀԿ-ն ամիսներ անց բերում է կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրելու օրինագիծ, որը մերժվում է նոր իշխանությունների կողմից՝ հիմքեր չեն տեսնում։

Նոյեմբերին Փաշինյանն ու ՀԱԵ-ն բացեիբաց հակաճառում են իրար․ վարչապետը նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարում է, որ եկեղեցին եղել է նախկին իշխանության կցորդը և երբեք այդքան վարկաբեկված չի եղել, ինչպես ՀՀԿ-ի օրոք։ Ի պատասխան Էջմիածինը՝ հերքելով Փաշինյանին, հայտարարում է, որ ոչ մեկի կցորդը չի եղել, որ հարցն արծարծվում է՝ ազգի մոտ «թյուր կարծիք ձևավորելով» ու հատուկ շեշտում թեման նախընտրական փուլում շոշափելու փաստը։

2019-ի հունվարին ԿԳ նախարար Հարությունյանը կոնֆլիկտ է ունենում մեկ այլ հոգևորականի հետ դպրոցում գտնվել-չգտնվելու հարցի շուրջ։ Կողմերը հակասող կերպով են նկարագրում իրավիճակը։ Մի շարք հոգևորականներ վիրավորանքներ են հնչեցնում Հարությունյանի հասցեին, առավել աչքի է ընկնում Նիժնի Նովգորոդի քահանա Տեր Սեբեոսը, ով նաև հրապարակավ դժգոհում է Փաշինյանին Քյոլնի եկեղեցում ծափերով դիմավորելուց։ Հարությունյանը ներողություն է պահանջում ու հայտնում, որ, ի թիվս բոլոր առարկաների, վերանայվելու է նաև դպրոցներում եկեղեցու պատմության դասավանդումը: Էջմիածինը որևէ կերպ տարածված տարակուսանքին չի արձագանքում։ Որոշ ժամանակ անց կողմերը, կարծես, գիտակցում են, որ ինչ-որ բան սխալ հունով է գնում․ կառավարությունը հայտնում է Էջմիածնի հետ հարաբերությունների գծով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եկեղեցին ողջունում է նախաձեռնությունը։

Սակայն կարճ ժամանակ անց եկեղեցին կրկին հայտնվում է կոմֆորտի զոնայից դուրս։ Նախ՝ Հանրայինի եթերում տեղի է ունենում բանավեճ Հայ եկեղեցու պատմության դասավանդման շուրջ։ Համապետական սփռման եթերի համար հազվադեպ բանավեճ, որտեղ քահանան ու եկեղեցու կողմնակիցը ստիպված են լինում լսել աշխարհիկ կամ հակակղերական տրամադրություններ կրողների սուր հարցադրումները՝ ու չեն կարողանում տալ դրանց պատշաճ, փաստարկված պատասխաններ։ Իսկ հետո՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հիշում է եկեղեցու ու Պապ թագավորի դժվար հարաբերությունների մասին․ «Ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը ՀԱԵ մեծագույն թշնամիներից մեկն է, բայց ՀԱԵ-ն ունենք Պապ թագավորի շնորհիվ, որն ասաց՝ եղբայր, մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնա, Կեսարիայում օծվի: Մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս, և մեր կաթողիկոսը պետք է օծվի մեր հայրենիքում: Եվ դիմադրում էին՝ մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա, 2 անգամ դավադրություն արեցին, մեկից կարողացավ անցնել, երկրորդից չկարողացավ և սպանեցին»։ Սա բավականին շոկային է այն առումով, որ նորանկախ Հայաստանի ղեկավարները երբեք հարցականի տակ չեն դրել եկեղեցու պատմությունն ու դրա «մութ» ծալքերը՝ ՀԱԵ պատմական դերի մասին մշտական կենացներով առաջնորդվելով։ Էջմիածինն այս սառը ցնցուղին հրապարակային արձագանք կրկին չտվեց։ Փոխարենը մենք տեսնում ենք խաչերի ու ազգայնականների էմբլեմներով մարդկանց ու Էջմիածնի ուժային կենտրոններից մեկի օգտին աշխատած կերպարներին ԱԺ մոտ ցույցերին ու լսում ենք եկեղեցականների սպառնալիքներն ու բողոքները։

Տեղեկատվության պակասի ու ամբողջ պրոցեսի կուլիսային լինելու պատճառով դժվար է հասկանալ տեղի ունեցող խմորման բուն պատճառներն ու էությունը, ինչը բերում է դավադրապաշտական թեորիաների տարածմանը։ Նախկին իշխանության համակիրները մեղադրում են նորերին «աղանդավոր լինելու» ու «ազգային արժեքները քանդելու» մեջ, նոր իշխանությունների համակիրներից ոմանք, հակառակը, տեսնում են պրոցեսը որպես նախկին օլիգարխիկ համակարգի ու կղերականության դեմ պայքար։ Ըստ ճաշակի ու քաղաքական նախասիրությունների՝ կարող եք բազում ենթադրություններ անել, սկսած նրանից, որ իշխանությունը եկեղեցու մեջ տեսնում է երկրի հնարավոր մոդերնիզացիայի ճանապարհին խնդիր, վերջացած նրանով, թե ՀԱԵ-ն դիտվում է որպես ներքաղաքական հակառակորդների դաշնակից՝ ու բախման պատճառն իշխանության նեղ-խմբակային շահերն են։ Կամ եկեղեցին չի գտնում իր նոր դերը հետհեղափոխական երկրում, չի ցանկանում հաշտվել դրա պոտենցիալ նվազման հետ ու հակառակը, նոր դիրքեր ու ավելորդ էմոցիոնալ ջղաձգումներ է անում։ Կամ էլ իշխանությունը, ի պատասխան եկեղեցու կողմից «մկանների» ցուցադրության, որոշել է սեփական ուժը ցուցադրել կրոնական կառույցին՝ երկրի աշխարհիկության պահպանմամբ մտահոգվելով։ Անկախ պատճառներից, սակայն, եկեղեցի-իշխանություն նյարդերի խաղն ունի զարգացման 3 սցենար․

Առաջինը՝ իրավիճակի մեղմում․ իշխանությունը հաշտվում է եկեղեցու հին դիրքի հետ՝ երաշխավորելով լոյալություն ինչ-ինչ հարցերում, կամ էլ եկեղեցին է զիջում որոշ դիրքեր, ինչ-ինչ հարցերում պետությունից լոյալություն ստանալով։ Սա կբերի նոր հարաբերությունների ձևավորմանն ու առնվազն հրապարակային լարման մեղմմանը։

Երկրորդը՝ իրավիճակի սրում․ կողմերը խրվում են խորացող կոնֆլիկտի մեջ, իշխանությունը փորձում է վերահսկողության տակ վերցնել եկեղեցին կամ դրա վերնախավը ու ֆինանսական հոսքերը, իսկ ՀԱԵ-ն դաշնակցում է իշխանության քաղաքական հակառակորդների հետ։ Սրանից, անկասկած, օգտվելու են ներքին ու արտաքին ուժերը՝ սեփական դիվիդենտներ քաղելու նպատակով։ Սա՝ եկեղեցու հասարակական հսկա ազդեցությունը հաշվի առնելով, կսասանի իշխանության դիրքերը, դրսևորվելով, օրինակ, որևէ ընտրությունների ժամանակ, սակայն կհարվածի նաև ՀԱԵ-ին՝ «մատնագրեր գրելու» շատ թարմ օրինակ դառնալով։ Իսկ առավել վատթար սցենարների դեպքում կոնֆլիկտը հղի է պետականության համար խիստ վտանգավոր զարգացումներով։

Եվ երրորդը՝ ստատուս-քվո, անվստահության ներկա մակարդակի պահպանմանբ։ Այս սցենարը, սակայն, խիստ ռիսկային է ու անկայուն, քանի որ, հաշվի առնելով սրացման մեջ հետաքրքրված արտաքին ու ներքին այլ խաղացողներին, հակված է զարգանալու կոնֆլիկտի սրման ուղղությամբ՝ վերը նկարագրված հետևանքներով։

Իդեալական աշխարհում ՀԱԵ-ն, երևի, կհաշտվեր զուտ կրոնական կառույցի դերի հետ, կզբաղվեր ծեսերով ու չէր խառնվի ոչ սոցքարտերի, ոչ ընտանեկան բռնության կամ գեյերի, ոչ աթեիստների ազգային ինքնագիտակցության հարցերին, ոչ էլ ընտրություններից առաջ հարցազրույցներ կտար։ Սակայն մենք ապրում ենք իրական աշխարհի իրական Հայաստանում, ու այդ աշխարհում ոչ ոք մի գրամ ազդեցություն հենց այնպես չի զիջելու։ Երկրի ղեկը ստանձնած ուժն այս պահին ունի կուտակված լիքը հարցեր թե՛ արտաքին, թե՛ ներքին, հատկապես՝ տնտեսական ֆրոնտում: Հերթական խնդիր բացելը նպատակահարմար չէ, ու ոչ թե իր համար (իշխանության ապագան թող իրեն հուզի), այլ երկրի․ այդքան գործին ևս մեկը գումարելով, արդյո՞ք տակից արդյունավետ դուրս կգան։ Եկեղեցին էլ իր հերթին անցած մի տարում պիտի որ հասկացած լինի, որ իշխանության ոտքերն այդ հարձակումներից չեն ծալվում՝ ուստի մկանների խաղն անիմաստ է։ Եվ այսպես՝ իշխանությունն ունակ չէ «իրենով անել» եկեղեցին, եկեղեցին էլ ունակ չէ «իրենով անել» իշխանությունը։

Ուստի՝ «զինադադար կնքելու» ու այլ ճակատներում գործ անելու ժամանակն է։

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»