Լրագրողական կազմակերպությունները Ծառուկյանից պահանջում են ներողություն խնդրել

Լրագրողական կազմակերպությունները Ծառուկյանից պահանջում են ներողություն  խնդրել

PanARMENIAN.Net - Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին վիրավորելու դեպքի առթիվ:

«Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս մեկը մյուսին հետևող միջադեպերը վկայում են, որ Ծառուկյանը, չնայած երկար տարիներ ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է ղեկավարում, այդուհանդերձ, «այդպես էլ ձեռք չի բերել քաղաքական գործչին անհրաժեշտ հատկություններ՝ հանդուրժողականություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն»։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների հանդեպ՝ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պահվածքի առնչությամբ և պահանջում ենք Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացումներ, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի», - ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունները պահանջել են նաև Ազգային ժողովի ղեկավարությունից ՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։

Ավելի վաղ Ծառուկյանը վրդովվել է լրագրողի հարցից և վիրավորել նրան: Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե չներկայանալու պարագայում:

«Դատարկ-դատարկ խոսում ես, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- լրագրողին է ասել Ծառուկյանը, և հավելել՝ «ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---