Թբիլիսիի անկարգությունները որակվել են որպես խռովություն իշխանությունը զավթելու համար

Թբիլիսիի անկարգությունները որակվել են որպես խռովություն իշխանությունը զավթելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաները որակել է որպես խռովություն՝ իշխանությունը տապալելու և զավթելու նպատակով: Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Անկարգությունների ժամանակ տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանի գրավումն այդ պլանի առաջին մասն էր: «Հաստատվել է, որ առաջին փուլով նախատեսվում էր գրոհով զավթել խորհրդարանը, որին պետք է հաջորդեին հանցավոր գործողություններն արդեն երկրի ամբողջ տարածքում, ինչը չեզոքացվեց իրավապահների անմիջական ջանքերի շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Sputnik Վրաստանը»:

Սկզբից քննությունը տարվում էր «խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն» հոդվածով, իսկ այժմ նոր հոդված է ավելացել՝ «խռովություն սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու նպատակով»:

Խմբակային բռնության կազմակերպման մեղադրանք է այս փուլում առաջադրվել Վրաստանի պատգամավոր Նիկա Մելիային, որը ներկայացնում է նախկին իշխող «Միասնական ազգային որոշում» կուսակցությունը: Դատախազությունը շարունակում է հարցաքննել վկաներին և տուժածներին: Ցուցմունք է տվել 60 մարդ:

Դատախազությունը նշել է, որ մեղադրյալների քանակը կավելանա:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---