// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԳԹԿ. Աբսուրդ է, որ հայերեն խոսող, 12 տարի հայոց լեզու սովորող երեխան անբավարար է ստանում

ԳԹԿ. Աբսուրդ է, որ հայերեն խոսող, 12 տարի հայոց լեզու սովորող երեխան անբավարար է ստանում

PanARMENIAN.Net - Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է ընդունելության քննությունների ընթացքն ու արդյունքները՝ դրանց ընթացքում արտառոց դեպքեր չեն եղել, ընթացել են պահանջներին ու կարգին համպատասխան։

Հիմնական փուլի ավարտից հետո եղել են բողոքարկումներ, դրանց առյուծի բաժինը վերաբերում էր հայոց լեզու և գրականություն առարկայի թեստին ու քիմա առարկայի միասնական քննության թեստին: «Վեց հազար դիմորդներից ունեցել ենք մոտ 160 դիմում-բողոք։ Դրանց ճնշող մեծամասնությունը խնդրանք էր»,-ասել է բանախոսը,հայտնում է Panorama.am-ը:

Նա աբսուրդ է համարում, որ հայերեն խոսող, դպրոցում 12 տարի հայոց լեզու սովորող, գրող, կարդացող երեխան անբավարար գնահատական է ստանում։

Անդրադառնալով Հայոց լեզու և գրականության առարկայի թեստի վերաբերյալ եղած դժգոհություններին, թե դրանում ներառված են շտեմարանից դուրս հարցեր՝ Նասիբյանն ասաց, ԳԹԿ մասնագետներն ուսումնասիրել են բոլոր առաջադրանքները ու պարզել, բոլորը շտերամարանից են եղել։

«Պարզապես անգիր անելու այդ հատվածը ինչ-որ տեղ ինչ-որ չափով դուրս մնաց։ Փոխվեցին առաջադրանքի պատասխանների տեղերը։ Առաջադրանքը մնաց նույնը, նույն շտեմարանից, պատասխանների տեղը փոխվեցին և անգիրները չաշխատեցին։ Դա էր պատճառը, որ մենք այս տարի այդ առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ։ Անբավարար ստացավ քննություն հանձնողների 19.6 տոկոսը»,-մանրամասնել է նա։

Նասիբյանի խոսքով, նման պատկերի պատճառներից մեկն էլ այն է, որ տարիներ շարունակ դպրոցներում հայոց լեզու և գրականություն առարկանների դասաժամերի թիվը նվազել է։ «Ինքս էլ հայոց լեզվի մասնագետ եմ։ Եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 56 դասաժամ, այսօր տրվում է 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամնեը մեկ դասաժամով ուսուցիչը պետք է ավարտի։ Իսկ դրանք բարդ թեմաներ են, հատկապես շարահյուսական հատվածին վերաբերողները։ Սա լուրջ խնդիր է, լուրջ քննարկման նյութ, կարծում եմ, կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա խնդրին։ Դա վերաբերում է և դասագրքին, և դասաժամերին, և չափորոշիչներին»,-ընդգծել է ԳԹԿ փոխտնօրենը։

Ավանդական սանդղակից մյուս առարկանները դուրս չեն եկել, 19 և 20 միավոր ավելի շատ ստացել են օտար լեզու առարկայից։

Հիմնական փուլի ավարտից հետո դրական միավորներ ունեցող դիմորդները կարող են մասնակցել նաև լրացուցիչ մրցույթի։ Նրանք լրացնում են նոր դիմում-հայտեր առկա թափուր տեղերի համար։ Լրացուցիչ մրցույթը մեկնարկել է հուլիսի 16-ին, կշարունակվի մինչև հուլիսի 21-ը, արդեն հուլիսի 25-ին ԳԹԿ-ն կամփոփի արդյունքները։

 Ուշագրավ