// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տիգրան Պասկևիչյանն ազատվել է ՀՀՌ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Տիգրան Պասկևիչյանն ազատվել է ՀՀՌ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

PanARMENIAN.Net - Տիգրան Պասկևիչյանը դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ իր բոլոր խորհուրդներն ու առաջարկները հանդիպել են սառը անտարբերության կամ կոշտ դիմադրության:

«Այսօր դիմում գրեցի և ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ Հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։

Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա և այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները։

Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկայում, այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտքերով, գաղափարներով, առաջարկություններով օգնեցին ինձ այս երկուսուկես ամսվա ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև 500-ից ավել այն հեղինակներին, ովքեր հավատացին իմ առաջարկով ստեղծված գաղափարների բաց հարթակին և չզլացան ծառայեցնել իրենց մտավոր ներուժը հանրայինը հանրային դարձնելու գործին։

Ես էլ ձեզ եմ հավատում և հավաստիացնում եմ, որ մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի արժեքավոր տասնյակ նախագծերն իրականություն դառնան։

Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ