2017-18-ին ավելի քան 44,000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. Քրգործ կա

2017-18-ին ավելի քան 44,000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. Քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ հանրապետության տարածքում 2017-2018-ին կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, հարուցվել է քրեական գործ:

Դրա ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից:

Պարզվել է, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2002 թվականի որոշումներով սահմանվել են գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019-ի հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված:

Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել:

Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019-ի հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել մոտ 11.550 կգ` ընդհանուր մոտ 5.6 մլն դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017-ի դեկտեմբերի 6-ին 4.8 մլն դրամով ձեռք է բերել 10,000 կգ սիգ ձկնատեսակ:

Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018-ին մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել մոտ 14,876 կգ ապխտած սիգ ձուկ:

Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---