ՓԲԸ-ն Սևանի ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներ չի արել. Գրպանել է 24.6 մլն

ՓԲԸ-ն Սևանի ափամերձ   հատվածներում   մաքրման աշխատանքներ չի արել. Գրպանել է 24.6 մլն

PanARMENIAN.Net - «Սևան ազգային պարկի» Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում անտառամաքրման աշխատանքներ իրականացնող «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությունը յուրացրել է 24.6 մլն դրամից ավելի գումար:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Պարզվել է, որ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ընկերությունը 2013-2015 թվականների ընթացքում պետք է 368.7 մլն դրամով «Սևան ազգային պարկի» Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում՝ ընդհանուր 285 հեկտար մակերեսով, անտառամաքրման աշխատանքներ իրականացներ։

Մաքրման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունը։

2015 թվականին կազմվել ու բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել են մաքրման աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ կատարողական ակտեր, քանի որ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերությունը մաքրման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չի կատարել։

Հաղորդագրությունում ասված է, որ բնապահպանության նախարարի հրամանով աշխատանքները վերջնական ընդունելու համար ստեղծված հանձնաժողովի անդամներն էլ, հանդիսանալով ժամանակավոր կարգադրիչ լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, ստորագրել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու և դրանք ընդունելու վերաբերյալ կեղծ ակտ։

Գործն ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով