Նախագիծ. Ֆինանսական դժվարություններ ունեցողներն առավելագույնը 6 ամիս «հիփոթեքային արձակուրդ» կստանան31 հուլիսի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով օրենսդրորեն ամրագրվում է հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները: Նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով: Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու ժամանակ վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ: Նշվում է, որ ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: «Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է: Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում են հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները»,- ասված է նախագծում: Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |