// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ճախրել տիեզերքում» կարելի է նաև Երևանում. Ինչպես հաղթահարեցի բարձրության վախը Yerevan Zipline-ի միջոցով

«Ճախրել տիեզերքում» կարելի է նաև Երևանում. Ինչպես հաղթահարեցի բարձրության վախը Yerevan Zipline-ի միջոցով

PanARMENIAN.Net - Ես վախենում եմ բարձրությունից՝ շատ: Այնքան շատ, որ 5-րդ հարկում բնակվելու ընթացքում վախենում էի դուրս գալ պատշգամբ ու ներքև նայել, իսկ լվացքը կախելու հարցում դիմում էի ամուսնուս օգնությանը. նա բռնում էր ինձ, ես՝ լվացքը: Հարևանների համար բավականին զվարճալի տեսարան էր հավանաբար:

Օգոստոսի 16-ին որոշեցի հաղթահարել վախս՝ թռչելով Yerevan Ziplines Airlines-ից. սփոյլեր՝ հավես էր: Արդեն երկրորդ տարին մայրաքաղաքում գործող Yerevan Ziplines Airlines-ը միակն զիփլայնն է աշխարհում, որ անցնում է կամրջի տակով, և ամենաերկարն է տարածաշրջանում՝ 1.5 կմ, ձգվում է Արաբկիրի այգուց մինչև Հրազդանի կիրճ: Զիփլայնի առաջին թռիչքուղու երկարությունը 870 մ է, ամենաբարձր կետը՝ 123 մ-ի հասնում, իսկ Դավթաշենի կամրջի տակի հատվածում իջնում է մինչև 87-90 մ: Երկրորդ թռիչքուղին 650 մ է, բարձրությունը՝ 60 մ է, իսկ ստորին հատվածում իջնում է մինչև 25 մ:

Երբեք չեմ եղել էքստրիմի սիրահար, համաձայնվեցի փորձել, քանի որ երևանյան զիփլայնն այսուհետ առաջարկում է նոր ծառայություն՝ թռիչք Arloopa ընկերության հետ համատեղ գործարկվածVR (վիրտուալ իրականություն) ակնոցով, որը ստեղծված է թե՛ նոր սուր զգացողություններ փնտրողների, թե՛ ավելի զգուշավոր և ոչ այնքան համարձակների համար: Ես՝ պատկանելով վերջին խմբին, որոշեցի, որ 100 մ բարձրությունից ներքև նայելու ու սարսափելու փոխարեն ավելի հարմար կլինի կամ մինչև թռիչքը VR ակնոցի միջոցով ապրել այդ զգացմունքները՝ 2 ոտքերի վրա ամուր կանգնած մտովի սլանալ Հրազդանի կիրճի վրայով, կամ էլ հենց թռիչքի ընթացքում «տեղափոխվել տիեզերք»՝ փոխարինելով իրականությունը վիրտուալով և փորձելով խաբել բարձրությունից վախեցող ուղեղս: Ի դեպ՝ VR -ի սցենարները հետագայում կհամալրվեն նաև ուրիշ աշխարհներով, ուստի պարբերաբար կարելի է նոր պահեր ապրել՝ Դավթաշենի կամրջի տակով սլանալիս:

Yerevan Zipline Airline-ի համահիմնադիր և տնօրեն Ժիրայր Մուշեղյանի խոսքով՝ երևանյան զիփլայնը ստեղծված է բոլորի համար՝ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների, թե՛ հենաշարժական խնդիրներ ունեցողների համար: Վերջիններիս համար կան բոլոր հարմարությունները, գործում են թեքահարթակներ, նաև նախատեսված է 50 տոկոս զեղչ: Այդպիսի զեղչ է գործում նաև մինչև 12 տարեկան երեխաների և զինծառայողների համար: Թռիչքի արժեքը 14000 դրամ է, VR ակնոցով՝ 15000 դրամ, այժմ ՀՀ քաղաքացիների համար գործում է զեղչ՝ թռիչքն առանց VR-ի 9000 դրամ արժի: Զիփլայնը գործում է ամեն օր՝ ժամը 10:30-ից մինչև 20:00:

Հատկանշական է, որ զիփլայնը չունի առավելագույն քաշի սահմանափակում՝ 45 կգ-ից ավելի քաշ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հանգիստ օգտվել «ճախրելու» հնարավորությունից: Աշխատակիցները պատմեցին, որ զիփլայնից օգտվել է մոտ 280 կգ ընդհանուր քաշ ունեցող զույգ և ապահով տեղ է հասել:

Բարձրությունից վախենալուց բացի իմ երկրորդ խնդիրը 45 կգ-ից ցածր քաշն էր: Պարզվեց, որ 43 կգ կշռելով՝ ես կարող եմ թռչել, բայց այդ քաշը չի հերիքում առաջին թռիչքուղու դեպքում մինչև վերջ հասնելու համար բավարար արագություն հավաքելուն: Նման դեպքերում կարելի է զույգով թռչել ծանոթի հետ կամ ուղեկցորդ օպերատորի: Ի դեպ՝ վերջինս նաև տարբերակ է շատ վախեցողների համար, փորձառու օպերատորները համբերատար բացատրում են ամեն ինչ և օգնում հաղթահարել վախերը: Ես որոշեցի, որ «гулять так гулять», անելու եմ ամեն ինչ ինքնուրույն: Ամենավախենալուն թռիչքից առաջ մի քանի վայրկյանն է, երբ արդեն ամրակապված ես, թռչելու որոշումն ընդունված է և հետդարձի ճանապարհ չկա: Օպերատորն ասաց. «Ես պատրաստ եմ», ու սկսեց հետհաշվարկը՝ 3, 2, 1: Ես խուճապահար գոռացի. «Բայց ես պատրաստ չեմ»: Նա հանգիստ ժպտալով պատասխանեց, որ դա խնդիր չէ, ու բաց թողեց ինձ: 2 վայրկյան տևած խուճապը հաղթահարելուց հետո ես զգացի, որ իսկապես չեմ վախենում, ուղղակի վայելում եմ, ասեմ ավելին՝ օդում գտնվելու այդ 55 վայրկյանը նույնիսկ քիչ են թվում: Թռիչքի արագությունը կազմում է 120-140 կմ/ժ, սակայն դա կախված է թռչողի քաշից, մարմնի մակերեսից, դիրքից և քամիներից:

Իմ քաշի պարագայում մեծ արագություն հավաքելը բարդ է, սակայն ինձ բացատրել էին՝ ինչ անել, ինչ դիրք գրավել, որպեսզի հնարավոր չափով տեղ հասնեմ, և ես գրեթե հասա, վերջին 20 մետրից ինձ տեղ հասցրեց դիմավորող աշխատակիցը: Երկրորդ թռիչքուղու պայմաններում այդպիսի խնդիրներ արդեն չառաջացան, ես ինքնուրույն հաղթահարեցի ողջ ընթացքը և արդեն առանց վախի վայելեցի ամեն ինչ:

«Սա սեզոնային ժամանց է: Սեզոնին օրական միջինում ունենում ենք 15-17 այցելու: Այցելուների 70-80 տոկոսը զբոսաշրջիկներ են», - պատմեց Մուշեղյանը:

Նա հուսով է, որ երևանյան զիփլայնը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

«Հուսով եմ, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուց հետո զիփլայնը կբարձրացնի մեր երկրի վարկանիշը, ինչն էլ իր հերթին ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կգրավի», - նշեց զիփլայնի համահիմնադիրը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ