// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բնապահպան ակտիվիստը կեսից դուրս է եկել Փաշինյանի հետ հանդիպումից. Վարչապետի խոսքը համոզիչ չէր

Բնապահպան ակտիվիստը կեսից դուրս է եկել Փաշինյանի հետ հանդիպումից. Վարչապետի խոսքը համոզիչ չէր

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ի մոտ հավաքված ջերմուկցիները հայտարարել են, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները: Հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիներն այդ մասին ասել են լրագրողների հետ զրույցում: Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը, որը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, կեսից դուրս է եկել սրահից:

Ջերմուկցիները ավտոերթով եկել են Երևան և ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի մոտ:

Աննա Շահնազարյանը նշել է, որ վարչապետի խոսքը համոզիչ չէր իր համար. «Վարչապետը ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,-ասել է Շահնազարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մոտ 1 ժամ առաջ նրանց էր մոտեցել նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ակցիայի մասնակիցները բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս խմբվել Բաղրամյան 26-ի մոտ՝ պահանջելով տեղափոխվել դիմացի մայթ: Ի պատասխան վարչապետի խոսնակն ասել է, որ պահանջն օրենքով է նախատեսված:

Հարցին՝ քանի՞ բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը, վարչապետի խոսնակը պատասխանել է. «Դժվարանում եմ ասել, բայց մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասել է խոսնակը` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:Օրակարգում՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

 Ուշագրավ