Փոխնախարար. Հրդեհը Խոսրովի անտառի մերձակայքում կարող է ակտիվանալ

Փոխնախարար. Հրդեհը Խոսրովի անտառի մերձակայքում կարող է ակտիվանալ

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ։

«Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։

Աշխատանքները դեռ շարունակվում են։ Եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է»,-ասվում է գրառման մեջ։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 10:30-ի դրությամբ այրվում էր մոտ 17 հա բուսածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:

Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---