Արսեն Թորոսյանն ընդհատել է ասուլիսը, երբ նախկին խորհրդականն ուզել է հարց տալ

Արսեն Թորոսյանն ընդհատել է ասուլիսը, երբ նախկին խորհրդականն ուզել է հարց տալ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին, հայտնում է Shantnews-ը:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Թամամյանն ընթերցել է հարցերից մի քանիսը, որ տալու էր նախարարին, հայտնում է Panorama.am-ը:

«Հարց 1-ին. Ինչպե՞ս էիք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հերթագրել քաղցկեղով հիվանդներին։ Այդ մասին երեկ հայտարարել է նաև կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Տանանյանը։

Հարց 2-րդ. Ընդհանրապես պարոն նախարար, տեղյա՞կ եք՝ ի՞նչ է քաղցկեղը։ Տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, որ հորդորել էիք այդ հիվանդներին հերթագրել, խլում էիք այդ մարդկանց ապրելու վերջին շանսը։ Այս ամենը պարոն Տանանյանը ցույց տվեց նաև թղթերով։ Հույս ունեմ, որ կենտրոնից շատերը կունենան քաջություն ու դրա մասին կբարձրաձայնեն, որ տեղյակ են եղել»,-ասել է նախկին խորհրդականը։

Ավելի վաղ, առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դադարեցնում է իր լիազորությունները:

Գևորգ Թամամյանը պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ, Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար, Հայաստանի բժիշկների միության նախագահ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---