// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կենդանիներին տանջելու, այդ թվում՝ կռվեցնելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ԱԺ-ում է

Կենդանիներին տանջելու, այդ թվում՝ կռվեցնելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում ներկայացրել է կենդաների հետ դաժան վարվելը քրեականացնող օրինագիծը։

Զոհրաբյանը նշել է, որ նախկինում դրա համար պատիժը վարչական էր ու ծիծաղելի տուգանքներ էին հաստատված դրա համար։ Այժմ առաջարկվում է Քրեական օրենսգիրքը 258 հոդվածով լրացնել, որով կենդանու հետ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձեր անելն ու մարտեր կազմակերպելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատկի չափով, կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ մինչև 1 տարի։

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 2 և ավելի կենդանիների հանդեպ կամ մանկահասակների ներկայությամբ, պատժվում է 300-500-ապատիկի չափով տուգանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ։

«Պոտենցիալ մարդասպանի ու կենդանուն տանջողի, ծանակողի միջև տարբերություն չկա», - ասել է Զոհրաբյանը։

«Իմ Քայլից» Քրիստինե Պողոսյանը հարցրել է՝ ինչպես է վերաբերվում, երբ ավելի շատ ազատություն պահանջող առյուծներին ու արջերին պահում են տնական պայմաններում, այգիներում ու վանդակների մեջ։ Զոհրաբյանը պատասխանել է, որ վատ է վերաբերվում ու գուցե ինքը հանդես գա նման վայրերում պահվող կենդանիների պայմանների վերաբերյալ օրենսդրական նախագծով։ «1-2 դեպքում է, երբ պայմանները համապատասխանում են, և դա էլ եմ ես համարում դաժան վերաբերմունք», - ասել է նա։ Պողոսյանն արձագանքում նշել է, որ հույս ունի՝ ապագայում կենդանաբանական այգին կկահավորվի այնպես, որ մարդիկ կանցնեն վանդակի միջով, իսկ կենդանիներն ազատ են զբոսնելու, ու նաև ընդգծել է, որ անձնական տարածքներում նմանատիպ կենդանիներ չպիտի պահվեն։ Զոհրաբյանը համաձայնվել է կենդանաբանական այգու վերաբերյալ նկատառմանը, իսկ անձնական տարածքներում վանդակների մասին խոսքերը թողել անարձագանք։

 Ուշագրավ