Նոր մեղադրանք Միհրան Պողոսյանի դեմ` $ 1.2 մլն լվացման կասկածով

Նոր մեղադրանք Միհրան Պողոսյանի դեմ` $ 1.2 մլն լվացման կասկածով

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Պողոսյանը ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96 մլն դրամին համարժեք $200 հազարը և 143.7 մլն դրամին համարժեք $300 հազարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի օֆշորում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպի» միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը ավելի քան 329 մլն ՀՀ դրամին համարժեք $690 հազարը փոխանցել է «Քեթրին գրուպի» բանկային հաշվեհամարին:

Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Պողոսյանը գտնվում է ՌԴ-ում Հայաստանում իր հանդեպ հետախուզում է հայտարարված։ Ռուսական կողմը՝ ի դեմս դատախազության, մերժել է նրա արտահանձնման միջնորդությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---