Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին

Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին

PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորումը Հայաստանում չի ավելանում: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Տարիներ շարունակ ՀՀ գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալը չավելացնելը պայմանավորված է եղել տվյալ պահին գործող կառավարության կողմից վարվող ֆինանսաբյուջետային քաղաքականությամբ: Ինչպես վերը նշեցինք, 2020 թվականին ոլորտի ֆինանսավորման նվազում չի լինելու»,- նշվում է հարցման պատասխանում:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ գիտության ոլորտին հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս»: 2020-ին, չնայած բյուջեի եկամուտներն ավելանալու են 13.4%-ով, գիտության ոլորտի ֆինանսավորումը չի ավելանալու: Այն 2020-ին, ըստ 1162 դասակարգիչի, կկազմի 12,7մլրդ դրամ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք գիտության ոլորտի ֆինանսավորումը չավելացնելն օրենքի խախտում չէ, ԿԳՄՍ-ից նշել են, որ 2020-ի բյուջեի նախագիծը դեռևս քննարկումների փուլում է, իսկ նախորդ տարիների համեմատ գիտության ֆինանսավորման ընդհանուր թվի նվազումը պատճառ ունի. «2020 թվականին, ի տարբերություն, նախորդ տարիների, ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացվող գումարը այլևս չի ներառում ավելացված արժեքի հարկի գումարը, այդ պատճառով ֆինանսավորման ընդհանուր գումարը նվազել է նախորդ տարվա համեմատ, ինչը չի ազդի գիտությանը տրվող ֆինանսավորման չափի վրա»,- ասվում է հարցման պատասխանում:

Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ-ից նշում են՝ գիտությանը հատկացվող ֆինանսավորման նվազումը կհանգեցնի գիտությամբ զբաղվել ցանկացողների թվի նվազման, երիտասարդ ու խոստումնալից կադրերի արտագաղթի՝ հավելելով, որ նախարարությունը աշխատանքներ է տանում, որպեսզի ոչ միայն չկրճատվեն իրականացվող գիտական ծրագրերը, այլև ֆինանսավորվեն նորերը, ինչպես նաև ներգրավվեն ֆինանսավորման նոր աղբյուրներ: Հարցին, թե որն է առավել առաջնային ծախս՝ օրինակ, 450 մլն դրամ WCIT համերգին հատկացնելը, թե գիտության լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելը, ԿԳՄՍ-ից արձագանքել են, որ իրենք հավասարապես կարևորում են և' գիտության, և՛ մշակույթի ոլորտները՝ հիշեցնելով, որ ընդամենը 3 ամիս առաջ բյուջեից լրացուցիչ 448 մլն դրամ հատկացվել Գիտության կոմիտեին՝ սարքերի և սարքավորումների ձեռքբերման և Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծման համար, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ է:

Ըստ նախարարությունից ստացված տվյալների՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին պետական բյուջեով հատկացված ծախսերը 2018 թվականին կազմել են 14,2 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին' 16,8 մլրդ դրամ (վերջինիս դեպքում' ներառյալ 20% ԱԱՀ): ԿԳՄՍ-ից նշել են, որ ֆինանսավորման ծավալների տարբերությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նպատակային-ծրագրային հետազոտությունների «Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառմանն ուղղվող ֆինանսական միջոցները տեղափոխվել են «1119. Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագիր, ինչպես նաև դադարեցվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ֆինանսավորումը:

«ՀՀ գիտության կոմիտեի կողմից մշակվել և 2020 թվականից ներդրվելու է պետական գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նոր կարգ, ըստ որի կազմակերպությունները կֆինանսավորվեն իրենց տված գիտական արդյունքին համապատասխան: Ակնկալվում է, որ այս եղանակը կնպաստի պետական բյուջեից ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը»,- նշվում է նախարարության պատասխանում:

2020 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումները կազմում են 179.5 մլրդ դրամ։ Ըստ նախարարի՝ կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 մլրդ դրամով ավելի է:

Սրան զուգահեռ, 2020 թվականի բյուջեով հարևան Ադրբեջանը նախատեսում է գիտական ծախսերի համար տրամադրել $113.9 մլն(193.7 մլն մանաթ), այս թիվը $33.7 մլն ( 57.4 մլն մանաթով)` 42,1%-ով ավելին է նախորդ՝ 2019-ին նախատեսված հատկացումից:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»