Զոհրաբյան. Եթե պարզվի, որ նվիրատվության դիմաց շինթույլտվություն են տվել՝ հետհեղափոխական ՀՀ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը կլինի

Զոհրաբյան. Եթե պարզվի, որ նվիրատվության դիմաց շինթույլտվություն են տվել՝ հետհեղափոխական ՀՀ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը կլինի

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված նվիրատուների ցուցակին, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ նվիրատուները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը:

Պատգամավորի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Եվ այսպես, համառ դիմադրությունից հետո քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես գալիս է։ Ըստ մամուլի՝ նաև կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է:

Եվ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «ԿամԱԶ»-ները Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «ԿամԱԶ»-ի դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում»։

Նշվում է, որ հաջորդը՝ «Ն» և «Ս» ՍՊԸ-ն է, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին և ինչպես վկայում է «Հրապարակ» օրաթերթը, դրա դիմաց Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես նախագծված էին 14 հարկանի, բայց «երևի 14 միավոր տեխնիկան լավ դոպինգ է եղել քաղաքապետի համար ու ևս չորս հարկի թույլտվություն են բաշխել նվիրատուին»։

Նշվում է նաև, որ քաղաքապետարանի նվիրատուների թվում է «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է:

«Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի «Սանմաքրման և աղբահանության» հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցվում են որպես նվեր քաղաքին: Բայց, ըստ մամուլի, պարզվում է,սա էլ այնքան նվեր չէ։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել: Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը: Բրավո։ Կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը մամուլի այս հրապարակումը պետք է ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին և րոպե առաջ զբաղվի սրանով։

Ու մեկ էլ մի անհամեստ հարց՝ ո՞ւր է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով ինչ-որ քաղաքաշինական խորհուրդ էր ստեղծել ու շինթույլտվություններ էին բաժանում։

Ես որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալաներից մեկը։

Ու Արթուր Մեսչյանին չի փրկի՝ «Ո՞ւր էիր Աստված» երգելը, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը, ում մոտ երեկվանից ասում են, քրոնիկ դեպրեսիա է սկսել և նա կրկին լքել է Հայաստանը, ընդամենը պաշտոնանկությամբ չի պրծնելու։Սա միանշանակ է»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---