Ճապոնական ուսումնասիրություն. Ինչ կլինի Երևանում հնարավոր երկրաշարժի դեպքում

Ճապոնական ուսումնասիրություն. Ինչ կլինի Երևանում հնարավոր երկրաշարժի դեպքում

PanARMENIAN.Net - Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է։ Հայաստանում, սգո միջոցառումներին զուգահեռ, քննարկվում է՝ որքանով է Հայաստանը պատրաստ հնարավոր նոր երկրաշարժի վտանգների մինիմիզացմանը և հետևանքների հաղթահարմանը։

2012-ին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման մասին ծավալուն հաշվետվություն է կազմել։ Վերլուծվել է բնակֆոնդի ու ենթակառուցվածխքների վիճակն ու ընդհուպ մինչև զոհերի ու վիրավորների մոտավոր հաշվարկներ։ Երկհատոր ուսումնասիրությամբ Երևանի համար, մասնավորապես, մշակվել են Գառնիի խզվածքի երկայնքով ԳԽ2 և ԳԽ3 անվանումը ստացած երկրաշարժի սցենարներ։ Գառնիի խզվածքը (ԳԽ) համարվում է 200 կմ երկարությամբ ակտիվ խզվածք։

Խզվածքը երկրաբանական վտանգավոր երևույթ է: Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։ Հայաստանում ակտիվ է երեք խզվածք՝ Ախուրյանինը, Գառնիինը և Զանգեզուրինը, դրանցից ամենաակտիվը համարվում է Գառնիինը:

«Մոտ ապագայում Գառնիի խզվածքի շարժի հետևանքով երկրաշարժի առաջացման հավանականությունը փոքր է` հաշվի առնելով, որ ցամաքային ակտիվ խզվածքի շարժի հետևանքով առաջացած երկրաշարժերի ստանդարտ կրկնման ինտերվալը 1000 տարուց մեծ է: Այնուամենայնիվ, մոտ ապագայում երկրաշարժի հավանականությունը չի կարող ամբողջովին հերքվել` հաշվի առնելով 1679թ. Գառնիի երկրաշարժն առաջացրած աղբյուրի սեգմենտի հետ կապված անորոշությունը», - նշվում է հետազոտությունում:

ԳԽ2-ն, ըստ հաշվետվության, կարող է տեղի ունենալ Երևանի արևելքում, ԳԽ3-ը՝ Երևանի հարավ-արևելքում, երկուսն էլ 7,0 մագնիտուդով։ Համաձայն սցենարների՝ Երևանում կամ մերձակայքում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում զոհերի քանակը գնահատվում է 11.200-31.800 մարդ, վիրավորներինը՝ 31.100 մարդ: Առավել վատթար սցենարի դեպքում Երևանում զոհերի քանակը կարող է հասնել մինչև 85.400 մարդ: Հնարավոր երկրաշարժի դեպքում ամբողջությամբ կփուլզվի կամ ծանր վնաս կկրի բազմահարկ շենքերի 20%-ը կամ 860 բնակելի շենք, սեփական տների՝ 33%-ը կամ 13,870 սեփական տուն: Վատագույն սցենարի դեպքում Երևանում կփլուզվի 2000 բազմահարկ բնակելի շենք:

Կառավարության «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման» պլանի համաձայն՝ 7 բալանոց երկրաշարժի դեպքում ավերածությունների և մարդկային կորուստների կանխատեսումներն ավելի վատատեսական են: Դրանց համաձայն՝ Երևանում ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվի 34,845 շենք և շինություն, որոնցում բնակվում է 1.107 մլն մարդ: Զոհերի քանակակը կկազմի 162,243 մարդ, ծանր վիրավորների՝ 77,983, միջին ծանրության վիրավորներինը՝ 41,834 մարդ:

ՃՄՀԳ-ի հաշվետվության մեջ մանրամասնորեն նկարագրված են խմելու ջրի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործողությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում բնակիչների գործողությունները քայլ առ քայլ. 1-ին՝ կրակմարիչների և հակահրդեհային պարզագույն միջոցների ձեռք բերում, 2-րդ՝ սննդի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների (դյուրակիր ռադիոն պարտադիր) պահեստավորում առնվազն 3 օրվա հաշվարկով, 3-րդ՝ ընտանիքի անդամների միջև պարտականությունների և անելիքների հստակ բաշխում, տարահանման երթուղիների և ընտանիքի անդամների հավաքի վայրի որոշում, 4-րդ՝ ակտիվ մասնակցություն վարժանքներին, և 5-րդ՝ շենքի համատիրության կամ այլ միավորումներին տեղեկատվության հաղորդում ընտանիքում առանձնահատուկ մոտեցում պահանջող անդամների վերաբերյալ:

1988 թվականի դեկտեմբերի 30-ին Սպիտակի երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը: Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասավ 25,000-ի:

 Ուշագրավ
«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբերն են աշխատում», - ասացին ոստիկանությունից։
Վարչապետն ասում է՝ ծննդատների հարցով ռազմավարական պատկերացումներ է պետք մշակել
Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք
Ոստիկանությունից հայտնեցին, որ անհրաժեշտ փորձաքննություններ են անում