ԼՂՀ նախագահ. «Հզոր եւ մարտունակ բանակը մեր ժողովրդի անվտգանգության հիմնական երաշխիքն է»

PanARMENIAN.Net - «Արցախն ու Սփյուռքը միասին են ու միակամ, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիությունը օրեցօր ամրանում է եւ հզորանում, դառնում ավելի գործնական»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ելույթ ունենալով Լոս Անջելեսում «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառման ժամանակ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, իր ելույթում Բակո Սահակյանը, մասնավորապես, ասել է. «Նախ եւ առաջ շնորհավորում եմ ձեզ` որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների, նոր նախագահ ընտրելու կապակցությամբ: Բարաք Օբամայի հաղթանակը իսկապես կարեւոր իրադարձություն է Ամերիկայի եւ համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Հուսով եմ, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նրա պատրաստակամությունը մեծապես կնպաստի մեր երկրների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Ուզում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ, որ նույնիսկ այսօր, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, դուք պատրաստ եք ձեր ավանդը բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին: Մենք հոգու խորքում երախտապարտ ենք ձեզ` ձեր անմնացորդ նվիրվածության ու բարեսրտության համար:



Բարեկամներ, ուղիղ մեկ տարի է անցել մեր նախորդ հանդիպումից: Ես ուզում եմ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք նաեւ ի շնորհիվ ձեզ տեղի են ունեցել Արցախում այս ժամանակահատվածում: Հանրապետության տարբեր բնակավայրերում ձեր անմիջական աջակցությամբ կառուցվել եւ վերակառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ եւ ջրատարներ, մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են: Գործուն եւ իրական միջոցներ են ձեռնարկվել եւ այժմ էլ համապատասխան միջոցառումներ են իրականացվում սոցիալական խնդիրների լուծման, բնակչության կենսապայմանների, մեր հանրապետության համար ռազմավարական կարեւոր խնդիր հանդիսացող ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ:



Վերջերս մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ աննախադեպ մի միջոցառում` Արցախյան մեծ հարսանիքը, որի արդյունքում Ղարաբաղում ծնունդ առավ մոտ 700 ընտանիք: Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների հովանավորությամբ իրականացված այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ծնելիությունն ու բազմազավակությունը մեր երկրում, ինչը չափազանց կարեւոր է մեր ժողովրդի եւ հանրապետության ապագայի համար: Այս կապակցությամբ ուզում եմ բերել մի կարեւոր ցուցանիշ. իրականացված ծրագրերի արդյունքում ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում արդեն իսկ գրանցվել է մոտ 3000 ամուսնություն, այն դեպքում, երբ ամուսնությունների տարեկան թիվը վերջին հինգ տարիների ընթացքում կազմում էր 750-800 ամուսնություն:



Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ պետական բյուջեի ծավալում եւ կառուցվածքում: 2008 թվականի պետբյուջեն իր ծավալներով գերազանցում է նախորդ տարվանը ավելի քան 1,3 անգամ: Գյուղատնտեսության, անտառային եւ ջրային տնտեսություններին ուղղված գումարները սույն թվականի պետբյուջեում մոտ 3,8 անգամ գերազանցում են 2007 թվականի ցուցանիշը, սոցիալական ապահովության ոլորտում` ավելի քան 1,5 անգամ: Կրթության եւ գիտության բնագավառում տարբերությունը կազմել է 27 տոկոս, կապիտալ ներդրումներում` 22 տոկոս, մշակույթի ոլորտում` մոտ 29 տոկոս:



Բարեփոխումներ են իրականացվել նաեւ ներդրումներին ու գործարարությանն առնչվող ոլորտներում, ինչի արդյունքում ընթացիկ տարում հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում կատարվել են ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարի արտասահմանյան ներդրումներ:



Դրական փոփոխություններով հանդերձ` այս տարին բավականին ծանր էր հանրապետության համար: Աննախադեպ ցրտահարութան եւ ուժեղ քամիների հետեւանքով տուժել են հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը, տնտեսությանը հասցվել է մի քանի միլիոն դոլարի վնաս: Սակայն Արցախի ժողովուրդը կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները եւ պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Դա հնարավոր դարձավ ջանքերի եւ ուժերի լարման, բնակչության, զինված ուժերի անձնակազմի եւ իշխանությունների համախմբված ու միասնական աշխատանքի շնորհիվ:



Արցախցին քաջ գիտակցում է, որ միայն քրտնաջան աշխատանքով կարող է կառուցել ու շենացնել իր երկիրը, ծաղկուն ու բարգավաճ դարձնել նախնիների հողը եւ սերունդներին թողնել ազատ ու անկախ, հզոր ու անհաղթ հայրենիք: Այդ ազգանպաստ գործում մեծ է նաեւ ձեր` աշխարհասփյուռ մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների դերը, ովքեր միշտ պատրաստ են օգտակար լինել օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց հայրենիքին ու ժողովրդին:



Դրա լավագույն ապացույցը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոններն են: Այդ գաղափարի շուրջ համախմբվել է ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հայրենիքում ներդրած ձեր ամեն մի լուման կտա իր արժանի արդյունքը, կբազմապատկվի ու կծառայի իր նպատակին: Ձեր բարի գործը կհիշվի ու կփոխանցվի սերնդե սերունդ:



Հայրենակիցներ, «Հեռուստամարաթոն-2008»-ը նույնպես նվիրված է Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների զարգացմանը, հատկապես գյուղի եւ գյուղական բնակավայրերի վերակենդանացմանն ու առաջընթացի ապահովմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով կկառուցվեն ու կվերականգնվեն հանրապետության ենթակառուցվածքները, մարդկանց համար կստեղծվեն կյանքի նորմալ պայմաններ:



Մեր տնտեսության առաջնային ուղղություններից են գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, կապիտալ շինարարության ոլորտները: Հանրապետության համար գերակա է անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը: Հզոր ու մարտունակ բանակը մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է, եւ հանրապետության իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի նա միշտ պատրաստ լինի կատարելու իր առջեւ դրված խնդիրները:



Բարեկամներ, ես ավելի քան վստահ եմ, որ այսուհետ էլ մենք ձեռք ձեռքի կկառուցենք մեր երկիրը, կանենք ամեն ինչ, որպեսզի արցախցին հանգիստ ու խաղաղ ապրի իր պապերի հողի վրա, ապրի արժանավայել կյանքով եւ շենացնի իր օջախն ու հայրենիքը:



Այս տարի մեծ շուքով տոնեցինք Արցախյան հերոսական շարժման 20-ամյակը եւ ի լուր աշխարհի կրկին հայտարարեցինք, որ մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ: Արցախյան հողը եղել է եւ միշտ կլինի հայկական: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել սեփական հողում ազատ, անկախ ու անվտանգ ապրելու համար եւ իրավունք չունենք պահ անգամ մոռանալու հայ ժողովրդի արժանավոր զավակների թափած արյան մասին: Մեր նահատակների հիշատակի լավագույն հավերժացումը կլինի հզոր ու բարգավաճ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:



Մենք բազմիցս ասել ենք եւ միշտ ասելու ենք. Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության:



Հայրենակիցներ, Արցախի ապագան ողջ հայ ժողովրդի խնդիրն է, եւ միայն համախմբվելով ու միավորվելով կարող ենք հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը, միայն միասին կարող ենք կերտել բոլորիս համար թանկ Արցախ աշխարհի եւ համայն հայության պայծառ ու լուսավոր ապագան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---